Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հինն ու նորը
Երբ դեռևս 2013-ին կառավարությունը ներդնում էր շրջանառության հարկը, բողոքողների թիվն այսքան մեծ չէր, թեև այն ժամանակ առևտրի համար սահմանվել էր ներկա 1 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս շրջանառության հարկ: Գործադիրն ասում էր` վճարիր ինձ քո շրջանառության 3.5 տոկոսը, և որևէ այլ փաստաթուղթ պետք չէ, անգամ` հաշվապահ կարող ես չպահել: Օրենքի հեղինակների հույսը այս քայլով այն էր, որ տնտեսվարողները բարեխիղճ կգտնվեն և առանց խաբելու հարկայինին ցույց կտան իրենց շրջանառության իրական ծավալները: Բայց այսօր արդեն վստահ կարելի է ասել, որ կառավարության հերթական գլուխգործոցը տապալվել է և իրեն չի արդարացրել` գումարած այդ ամենին, որ տնտեսվարողները բողոքում էին դրույքաչափի բարձր լինելու համար:
Չանցավ 1.5 տարի նոր կառավարությունը` նոր ղեկավարով, բայց էլի հին անդամներով ուժի մեջ դրեց շրջանառության հարկի մեկ այլ տարբերակ, որը, նախորդի համեմատ, հավակնում է դառնալ ամենալավը երբևէ առաջարկվածներից` առանց հեգնանքի: Այս անգամ մտափոխված կառավարությունը մեկ այլ բան է ասում` երեք անգամ իջեցնում է հարկային բեռը, փոխարենը պահանջում ապահովել ապրանքի ձեռք բերման բոլոր փաստաթղթերը, այլ կերպ ասած` պահանջում է հաշիվ-ապրանքագրեր: Միևնույն ժամանակ, սահմանվում են նաև խիստ պատժամիջոցներ՝ նախազգուշացումից մինչև անցում ընդհանուր հարկման դաշտ:
Բողոքողները
Այն, որ հանրությունը կամ գոնե այդ հանրության գերակշիռ մասը վաղուց կառավարության նկատմամբ վստահությունը կորցրել է, ակնհայտ է: Այդ իսկ պատճառով կառավարության հեղինակած ցանկացած օրենք, եթե անգամ դա գլուխգործոցի շարքը դասվի, ուղեկցվում է հանրության բողոքի ձայնով, քաղաքական ոչ իշխանական ուժերի աջակցությամբ և կառավարության ՝ այդ ձայնը խլացնելու ճիգերով: Նոր օրենքը հեռու է գլուխգործոց համարվելուց, բայց որ լավն է և կարող է ունենալ իր դրական կողմերը, ցույց է տալիս օրենքի բովանդակությունը:
Առաջին` կառավարությունն իջեցնում է հարկային շեմը, բայց տնտեսվարողները, չգիտես` ինչու, բողոքում են: Մի՞թե 3 անգամ քիչ հարկ վճարելն այդքան չարժե, որ մի փոքր էլ փաստաթղթերի կազմման վրա գլուխ ջարդեն: Կառավարության կարծիքով` արժե, իսկ առևտրականների կարծիքով՝ ոչ: Պատճառը հնարավոր է թաքնված է այնտեղ, որ առևտրականը դեմ է ոչ թե հաշիվ-ապրանքագրերի ներկայացմանը, այլ շրջանառության իրական ծավալների բացահայտմանը:
«Իրականում պատճառն ավելացված արժեքի շեմն անցնելու վտանգն է: Իրենք գիտեն` եթե իրենց շրջանառությունը ապահովեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով, հետևաբար, էլ չեն կարողանա աշխատել առանց ՀԴՄ-ների, հետևաբար, նաև չեն կարողանա շրջանառությունը թաքցնել: Այստեղից էլ հետևություն, որ կհայտնվեն ընդհանուր հարկման դաշտում»,- նշում է տնտեսագետ Արթուր Առաքելյանը:
Իրոք, կարծել, որ ձեր բակի` առնվազն երկու կամ երեք աշխատող ունեցող խանութի ամսական շահույթը կազմում է 100.000 դրամ, միամտություն է, իսկ ահա 500.000 շահույթը, որը ներառում է նաև աշխատավարձեր, խելքին մոտ է: 0.5 միլիոն շահույթի դեպքում շահույթը տարեկան կազմում է մոտավորապես 60 միլիոն դրամ: Նույն խնդիրն այսօր ունեն նաև հագուստի ներկրմամբ զբաղվողները: Առևտրականը, որը մինչ այս ապրանքը ներկրում էր և ներքին պայմանավորվածությամբ «կարգոներին» վճարում նախատեսված, ասենք, 1 կգ-ն 6 դոլարի դիմաց ընդամենը 4 դոլար, նույնպես խուճապի մեջ է: Նշված գնից ցածր վճարելով և աշխատելով առանց փաստաթղթի` երկուսն էլ հայտնվում էին շահեկան վիճակում: Այդ իսկ պատճառով այսօր շատ առևտրականներ ուղղակի դադարեցրել են իրենց աշխատանքը` սպասելով հետագա զարգացումներին:
Կառավարության իրական նպատակը
Կառավարության անկեղծությունն ինչ-որ տեղ զարմանալի է դառնում: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը հաստատում է, որ իր ձեռքը դեռևս այնքան ծանր չէ, որի ծանրությունից որոշ խոշոր բիզնեսմեններ կքեն և, գլուխները կախ, մուծեն բոլոր հարկերը: Վառ օրինակ` բրոքերային ընկերությունները, որոնք զբաղվում են ապրանքների մաքսազերծմամբ, և որոնց սեփականատերերն օրենքը խախտելուց արդեն կորցրել են հաշիվը և իրենք էլ խճճվել են իրենց չարաշահումների մեջ: Սա` ներկրողների մասով, իսկ ահա տեղական արտադրողների արտադրանքի մեծ մասն արդեն իսկ դուրս է բերվել ստվերից շնորհիվ դրոշմապիտակների մասին օրենքի կիրառման:
«Այսօր շատ ապրանքներ արդեն՝ հյութեր, թեթև ալկոհոլային խմիչքներ, կաթնեղեն, սուրճ, թեյ, ձեթ և այլն, պետք է դրոշմապիտակավորված լինեն: Խոշոր բիզնեսը` լինի ներմուծող, թե` արտադրող, այսպես, թե այնպես մտնում է հարկային դաշտ և այսուհետ պետք է վաճառի իր ապրանքը` փաստաթղթերով` փոքր ու միջին բիզնեսին, քանի որ իր հիմնական արտադրանքի սպառողը հենց նա է, սակայն փոքրն էլ չի ուզում վերցնել այդ փաստաթուղթը, քանի որ չի ցանկանում հատել 58.3 միլիոն դրամի շեմը»,- վստահեցնում է Արթուր Առաքելյանը:
Սակայն փոքր ու միջին բիզնեսի սեփականատերը դժվար թե կարողանա հրաժարվել մի ընկերության տրամադրած փաստաթղթից, որը բազմաթիվ արտադրանքներ է թողարկում, իսկ ահա այն գործարարները, որոնք կենտրոնացած են կոնկրետ մեկ արտադրանքի վրա, ասենք` սուրճ կամ հյութ, ստիպված կլինեն այլ ճանապարհ փնտրել` իրենց արտադրանքը սպառելու համար, իհարկե` օրենքը շրջանցելու հաշվին և խանութի սեփականատիրոջ հետ լեզու գտնելու հույսով:
Շարունակելի
Գևորգ Խաչատրյան