կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-07 23:46
Աշխարհ

ԿԱՊԻՏԱԼ. Ոսկու չինական տենդ

ԿԱՊԻՏԱԼ. Ոսկու չինական տենդ

2010թ. առաջին 10 ամսվա ընթացքում Չինաստանը ներկրել է 209,7 տ ոսկի, ինչը հնգակի գերազանցում է 2009թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշները:

 

Ոսկու գների համաշխարհային մրցավազքի պատճառներից մեկը կարող է լինել Չինաստանի կողմից այս թանկարժեք մետաղի զանգվածային  գնումները: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը (WSJ):

 

Ավելի վաղ որպես այս թանկարժեք մետաղի գների ռեկորդային աճի պատճառ նշվում էր գնաճային ու դոլարային ռիսկերի հեջավորումը և բորսայում աճուրդի հանվող հիմնադրամների (Exchange-traded fund, ETF) հայտնվելը: Ըստ չինական պետական «Սինհուա» գործակալության կողմից օրերս բացահայտված տվյալների` ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում Չինաստանը ներկրել է 209,7 տ ոսկի, ինչը հնգակի գերազանցում է 2009թ. նույն ժամանակահատվածում ներկրված ոսկու ծավալները: Դեռ մի քանի տարի առաջ ոսկու չինական շուկան խստորեն վերահսկվում էր երկրի Կենտրոնական բանկի կողմից, որը գնում էր ներքին շուկայի ողջ ոսկին և վաճառում էր մետաղը ոսկերիչներին: Ներկայում Չինաստանը ոսկու` աշխարհի խոշորագույն արտադրողն է: Ըստ բրիտանական GFMS (Gold Fields Mineral Services) տվյալների` 2009թ. Պեկինը ներկրել է ընդամենը 31 տ ոսկի:   

Ըստ չինական Shanghai Gold Exchange-ի նախագահ Շեն Սյանժունի` ոսկու` չինական գնումների ծավալը փոխհատուցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2010թ. առաջին 10 ամսվա ընթացքում վաճառված ոսկու ծավալները` ընդամենը 148,6 տ: «Ոսկու շուկայում բոլորը գիտեն, որ ներդրումային պահանջարկն աճում է, սակայն ոչ ոք չգիտեր, որ պատճառը Չինաստանն էր»,- նշել է բրիտանական CPM Group-ի տնօրեն Ջեֆ Քրիստիանը WSJ-ին տված հարցազրույցում: «Մենք նշում ենք, որ կարող է լինել ոսկու ապօրինի արտահանում և ներկրում Չինաստանից և դեպի Չինաստան: Սա կարող է խեղաթյուրել Չինաստանի համար ոսկու իրական ցուցանիշները: Բոլոր դեպքերում` միտումը անժխտելի է. Չինաստանում ոսկու պահանջարկն անշեղորեն աճում է»,- ասել է հարավաֆրիկյան Standard Bank-ի փորձագետ Վալտեր դե Վետը թերթին տված հարցազրույցում:

 

Հիշեցնենք, որ ոսկու գնանշումներն աճում են 2010թ. Եվրոպայի սուվերեն պարտքերի ճգնաժամի և ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի քանակական մեղմացման քաղաքականության հետնապատկերին: Ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին ոսկու գները պատմական նոր ռեկորդ սահմանեցին` կազմելով $1409,8/1 ունցիա: Ի դեպ` Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council, WGC) կանխատեսում է, որ Չինաստանի կողմից ոսկու պահանջարկն առաջիկա 10 տարում կարող է կրկնապատկվել, քանի որ ավելի ու ավելի մեծ թվով ներդրողներ են «դիմում» թանկարժեք մետաղներին: