Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական երկխոսության և փոխայցերի, փոխգործակցության ընդլայնման և խորացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության վերաբերյալ: Մտքեր փոխանակվեցին ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ:
Գոհունակություն արտահայտվեց այն փաստի կապակցությամբ, որ ընթացիկ տարում դրական զարգացումներ են նախանշվել հայկական գինեգործական արտադրանքի չինական շուկա դուրս գալու, ինչպես նաև՝ փոքր և միջին գործարարության ոլորտում Չինաստանից Հայաստան մասնավոր ներդրումների ուղղությամբ, որին նպաստել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը:
ՉԺՀ պատվիրակությունը նաև հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ հարկ է կողմերի միջև այս տարի քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում ծրագրված փոխայցերի և միջոցառումների շրջանակներում հավելյալ ջանքեր գործադրել հայ-չինական համագործակցության ողջ համալիրի առաջխաղացումն ապահովելու ուղղությամբ: