կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 11:41
Հասարակություն

Ամուլսար` ոսկու տենդ

Ամուլսար` ոսկու տենդ

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած` «Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմի շնորհանդեսը, նաեւ կանցկացվի «Ուրան եւ ընդերքի շահագործում» թեմայով կլոր սեղան:

 

«Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմը նվիրված է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանին` Ջերմուկ առողջարանային քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի` բաց եղանակով շահագործման նախագծի ռիսկերին: Հանքավայրի հանքային իրավունքը պատկանում է Lydian International ընկերությանը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ներդրողների թվում երկու ազդեցիկ ֆինանսական ինստիտուտներ են` Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):

 

Ընկերությունը մտադիր է արդյունահանել 70 տոննա ոսկի: Տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը` Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն: Հանքավայրի շահագործումից հետո կունենանք լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք:

 

Բնապահպանները հիշեցնում են, որ Ամուլսարի մոտ առկա է երկու ջրամբար`Կեչուտի եւ Սպանդարյանի, որոնց ջրերը Արփա-Սեւան թունելով հասնում են Սեւանա լիճ: Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, ապրում են 60 տեսակի կաթնասուն կենդանիներ, 12 տեսակի սողուններ, 2 տեսակի երկկենցաղներ եւ 5 տեսակի ձկներ:

 

Դեռեւս 2007թ. ռուսական Горный Журнал գիտական պարբերականում հրապարակվել է Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածը, որում նշված է, որ «Ամուլսարի ուրանի երեւակումները գտնվում են Կեչուտ գյուղից 4 կմ հարավ-արեւելք եւ նույնանուն լեռան գագաթից 5 կմ հյուսիս արեւմուտք: Ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչեւ 0,5 տոկոս: Ամուլսարի երեւակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում` ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա»:

 

Ընկերության ղեկավարներն ամբողջությամբ հերքում են հոդվածի գիտական արժեքը: Ավելին` ազգային անվտանգության մարմիններից պահանջում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հրապարակել են խորհրդային գիտարշավի նախկինում փակ, իսկ այժմ բաց գիտական տվյալները: Ավելին, երբ «ԷկոԼուր»-ը հարցում է ուղարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, պատասխանել են, որ ընկերության փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել: Ընդ որում` նախարարությունը հղում է կատարել ոչ թե իր, այլ Lydian International-ի, այսինքն` շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտությունների վրա:

 

«Ամուլսարի տեղում չպետք է լցակույտերով լի մեռյալ գոտի լինի»,- ասվում է ֆիլմում: