Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1917թ. նոյեմբերի 8-ին (հոկտեմբերի 26) Պետրոգրադում իշխանության եկած բոլշևիկներն ընդունեցին իրենց առաջին արտաքին քաղաքական փաստաթուղթը` «Հաշտության մասին դեկրետը»: Այն առաջարկում էր Առաջին աշխարհամարտի մեջ ներգրավված բոլոր ժողովուրդներին և կառավարություններին անհապաղ կնքել ժողովրդավարական հաշտություն՝ առանց նվաճումների և ռազմատուգանքների: Այս նույն փաստաթղթում վերաձևակերպելով արտաքին քաղաքականության սկզբունքները՝ նոր կառավարությունը հրաժարվում էր իմպերիալիստական գաղտնի դիվանագիտությունից և հայտարարում, որ հրապարակելու է մինչև 1917թ. նոյեմբերը կնքված բոլոր գաղտնի պայմանագրերը:
Խոստումը կատարվեց: Արտաքին գործերի ժողկոմ Տրոցկու վերահսկողության ներքո 5-6 շաբաթների ընթացքում պատրաստվեցին և հրապարակվեցին գաղտնի փաստաթղթերի 7 հատորներ: Ընդհանուր առմամբ, հրապարակվեցին ավելի քան 100 պայմանագիր և բազմաթիվ այլ դիվանագիտական նյութեր: Դրանք պայմանագրեր էին, որոնք կնքվել էին Առաջին աշխարհամարտի նախօրեին և պատերազմի ընթացքում պատերազմող երկրների միջև և առժամանակ՝ մինչև պատերազմի ավարտը, հրապարակման ենթակա չէին` Թուրքիայի բաժանման մասին 1916թ. գարնանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության միջև կնքված Սայքս-Պիկո-Սազոնով պայմանագիրը, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի միջև 1916թ. գաղտնի կոնվենցիան, որը նշում էր Գերմանիայի դեմ պատերազմի մեջ մտնելու դիմաց Ռումինիային տրվող վարձատվության չափը, փաստաթղթեր Բալկանյան պատերազմների մասին, 1892թ. ֆրանս-ռուսական ռազմական կոնվենցիան, 1907թ. ռուս-անգլիական գաղտնի պայմանագիրը և կոնվենցիան, 1905թ. ռուս-գերմանական Բյորքի պայմանագիրը և այլն: Հսկայական թվով փաստաթղթեր ներկայացնում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանների գործունեությունը Ռուսաստանում 1917թ.:
Հետաքրքիր է, որ այն ժամանակ նույնպես փորձ կատարվեց կանխել փաստաթղթերի տարածումը: Հատորները գնվում, ձեռք էին բերվում և անմիջապես ոչնչացվում նախկին դիվանագետների և լրտեսների ու գործակալների կողմից:
Գաղտնի պայմանագրերի հրապարակումը մեծ տպավորություն գործեց ամբողջ աշխարհում: Դրանք հայտնվեցին նախ չեզոք, հետո նաև պատերազմող պետությունների մամուլում: Մի շարք պետությունների արտաքին քաղաքականության պատասխանատու պաշտոնյաներ ստիպված եղան արդարանալ սեփական խորհրդարանների և հասարակությունների առջև: Ավելի լուրջ քննարկումներ տեղի ունեցան դաշնակիցների միջև, որոնք «հանկարծակի բացահայտեցինե, որ շատ հարցերում խաբված են: Սակայն նույնիսկ այդ լարված պատերազմական պայմաններում գաղտնի փաստաթղթերի հրապարակումը ոչ մի քաղաքական հետևանք չունեցավ:
Նրանց մասին մոռացան, պատերազմ էր…