Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ես քո զինվորն եմ,
Դու`իմ թշնամին...
Երանի շաբաթվա ամենավատ լուրը լիներ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի լուծարման մասին հաղորդագրությունը:
Բայց նոյեմբերի 19-ին, ժամը 24-ի սահմաններում ԼՂՀ դիրքերում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում զոհվեց չորս զինվոր: Վիրավորները ևս չորսն են:
Հակառակորդի մասնակցությունը միջադեպին արդեն բացառվել է:
Հոկտեմբերին Հադրութի հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարի կրակոցից զոհվեց զինծառայող Վիտալի Իգիթյանը`ծնված 1988 թվականին: Երբ ղարաբաղյան շարժումը նոր էր սկսվել նա կամ նոր էր ծնվել, կամ դեռ չէր ծնվել…
Հուլիսին Ղարաբաղի Մարտունու շրջանի սահմանամերձ հատվածում դիպուկահարի գնդակից զոհված տղայի մասին լուրերով հաղորդեցին,թե "մեր կողմից զոհեր չկան": Ես կհավատայի, եթե չճանաչեի տղային:
Երբ զինվորը կորցնում է կարևորությունը,այլևս ոչ մի զորահանդես չի փրկի բանակի հեղինակությունը: Զինվորը միավոր է, որն ավելի մեծ ցուցանիշ է երկրի համար, քան համախառն ներքին արդյունքը:
Երկրի ամենամեծ դեֆոլտը զինվորի հանդեպ դեֆոլտն է, որի առաջին իմաստը բառարանում պարտականությունների չկատարումն է: Զինվորին չկարևորելը աղաղակում է երկրի զեղչի մասին:
Երկիրը դրսի ատելությունից հազվադեպ է քանդվում: Երկիրը ամենից օպերատիվ կազմալուծում է ներքին ատելությունը: Իսկ ամենահզոր ատելությունը զոհված զինվորների մայրերի ատելությունն է:
Զինվորի պահապանը պետությունն է այն պահից ,երբ սափրած գլխով պատանին ցրված ժպիտի տակ թաքցնելով տագնապը `հեռացող ավտոբուսի ապակուն է տպում իր մոլոր ժպիտը : Մայրը իր ամենակարևոր մարդուն հանձնում է երկրին, իսկ երկիրը երբեմն, իսկ երբեմն` հաճախ, անփութորեն սպանում է զինվորին:
Ղարաբաղի անվտանգությունը ուղիղ համեմատականորեն կախված է այնտեղ ծառայող զինվորի անվտանգությունից, ով էլ որ լինի զորահանդեսի հրամանատարը: