Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է` աշխարհում չկա մեկը, ով քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից: Արժե՞ ապրելու տեղ խնդրել երկրից, որտեղ մարդիկ սեփական տան բակում ապաստարան են կառուցում, որ պաշտպանվեն հակառակորդի կրակոցներից, որտեղ մարդկանց 30 տոկոսն աղքատ է, իսկ հազարավոր մարդիկ անգամ սեփական ապաստանը չունեն: Իսկ արժե՞ փոխել անունը, կեղծել ապրած կյանքն ու «հալածյալի» կարգավիճակով ապաստան խնդրել եվրոպացիներից կամ ամերիկացիներից:
Հեռանա՞լ, թե՞ լքել հայրենիքը, արտագաղթել աղմուկո՞վ, թե՞ լուռ…
Մարդիկ ապրում են, հանդուժում, հարմարվում, լռում, հետո միայն հանձնվում ու արտագաղթում: Իսկ հետո… Սեփական ապաստանը դեռ չգտած` մարդիկ իրենց մոտ են տանում ծանոթ-բարեկամներին: Տանում են, որովհետև վախենում են մենությունից: Վախենում են ուրիշի հայրենիքում մենակ մնալուց: Մարդիկ օտարության մեջ ստեղծում են իրենց փոքր Հայաստանը` պարփակված մեծ ընտանիքի մեջ: Նրանք պատնեշում են ընտանիքը, որի սահմաններից դուրս ամեն ինչ օտար է, պարսպում են տունը, որի դարպասներից այնկողմ ուրիշի հայրենիքն է:
Ամենադժվարն ուրիշի հայրենիքում հայ մնալն է, ամենահեշտը` հայրենիքը հեռվից սիրելը:
Հայրենասիրությունը սահմաններ չունի, բայց մարդիկ շարունակում են չափել այն: Շարունակում են վիճել, թե ով է իրենցից ավելի հայրենասերը: Ո՞վ է ավելի հայրենասեր, նա, ով ապրում է Մոսկվայում, բայց երեխաներին հայկական դպրո՞ց է ուղարկում: Նա՞, ով ամեն տարի ապրիլի 24-ին, պաստառը ձեռքին, ցույց է անում Գլենդելի փողոցներում: Նա՞, ով ծնվել ու ապրում է արաբական աշխարհում, բայց խոսում է մաքրամաքուր հայերենով, նրա երեխան երբեք չի եղել Հայաստանում, բայց հայոց պատմությունը հայաստանցի դպրոցականից ավելի լավ գիտի, թե՞ այն երիտասարդը, ով Երևանում թողել է իր գործը, աղմկոտ կյանքն ու մեկնել սահմանամերձ գյուղ` ուսուցիչ աշխատելու:
Մարդիկ շարունակում են սիրել ու չափել իրենց սերը հայրենիքի նկատմամբ: Մարդիկ ապրում են, սիրում, հանդուրժում, հարմարվում, լռում, հետո միայն կոտրվում ու արտագաղթում:
Թագուհի Մելքոնյան