Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հարկային եւ մաքսային վարչարարության, ներդրումային միջավայրի բարելավմանը, որակի միջազգային ստանդարտների ներդրմանը, արդար եւ հավասար մրցակցային պայմանների ստեղծմանն էր նվիրված այսօր տեղի ունեցած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը:
«Երկու հարցի վրա կենտրոնացանք` մեկը մակրոտնտեսական իրավիճակի գնահատումն է, եւ այն անելիքները, որոնք անհրաժեշտ են մակրոտնտեսությունը կայունացնելու համար: Եվ երկրորդը բիզնես միջավայրի խնդիրներն էին` մրցակցային դաշտի բարելավումը: Սրանք մեր օրակարգում են»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Հանձնաժողովի համանախագահ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը նշեց, որ այս նիստի շրջանակներում առաջին անգամ քննարկումներ են եղել նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Վերջիններս բիզնեսի եւ ներդրումների ընդլայնման համար այնպիսի խնդիրներ են առաջ քաշել, որոնց մի մասը պետք է լուծվի ՀՀ, մյուս մասը ԱՄՆ կառավարության կողմից:
Նիստի շրջանակներում քննարկումներ էին անցկացվել նաեւ աշխատանքային չորս խմբեր: Առանցքային թեմաները եղել են, թե ինչպես երկու երկների միջեւ ընդլայնել առեւտուրը գյուղատնտեսական, առողջապահական, էներեգետիկայի եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Այս քննարկումների արդյունքում եկել են որոշակի եզրահանգումների, որոնք էլ զեկուցվել են նիստի ժամանակ:
Քննարկվել են նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականցվող ծրագրերը: Ինչպես նշեց Դ. Ռոզենբլյումը, փորձել են ելքեր գտնել, որպեսզի գյուղատնտեսության եւ ջրօգտագործման ոլորտներում ձեռքբերումները շարունակելի լինեն: «Հազարամյակի մարտահրավերների» նախապես պլանավորված ոչ բոլոր ծրագրերն են իրականացվում ներկայումս, եւ այս իսկ պատճառով ՀՀ կառավարությունը ֆինանսավորման այլ աղբյուրներ է փորձում գտնել:
Նշենք, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 2000 թվականին: Այն ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական համագործակցությունը խորացնելու, առեւտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու, ՀՀ ֆինանսական ու շուկայական բարեփոխումներն առաջ մղելու, եւ Հայաստանի հեռանկարայաին տնտեսական զարգացման համար անհրաժշետ ԱՄՆ օժանդակության ոլորտները վերհանելու հարթակ է: