կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-02 12:24
Հասարակություն

«Ճանապարհ»․ 20-ամյա Ալբերտի գիրքը տպագրվել է մարդկանց աջակցության շնորհիվ

«Ճանապարհ»․ 20-ամյա Ալբերտի գիրքը տպագրվել է մարդկանց աջակցության շնորհիվ

Մեկուկես օր, բազմաթիվ նվիրատուներ և մեկ ընդհանուր նպատակ՝ տեսնել 20-ամյա Ալբերտի «Ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն տպագրված։

Սեդա Օրբելյանի նախաձեռնած դրամահավաքի շնորհիվ գրքի հրատարակության համար անհրաժեշտ 250 հազար դրամը հավաքվել է ընդամենը մեկուկես օրում։

Պատմությունը սկիզբ է առել Կապանում։ Սեդա Օրբելյանն իր կյանքի առաջին 17 տարիներն անցկացրել է այս քաղաքում։ Ամառային արձակուրդներին երեխաների հետ վերադարձել էր հայրենի քաղաք։ Այդ ընթացքում նա այցելել է Վահանավանք, որտեղ վանքի քահանայի նախաձեռնությամբ կիրակնօրյա փոքրիկ հանդիպում էր կազմակերպվել համայնքի անդամների հետ։ Հանդիպումն անցնում էր ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Սեդային, նրա ընկերներին և երեխաներին նույնպես հրավիրել էին միանալ հավաքույթին։

Հենց այդ հանդիպման ընթացքում էլ նրա ուշադրությունը գրավել են Ալբերտն ու նրա ընկերը՝ Գարեգինը, որը նույնպես Կապանից էր։

«Գարեգինը բավական ակտիվ զրուցում էր Ալբերտի, նրա ստեղծագործությունների և գրքի մասին։ Կողքից լսեցի, որ Ալբերտը բանաստեղծությունների ժողովածու ունի, որը ցանկանում են տպագրել, սակայն դեռ չէին կողմնորոշվել՝ որտեղից սկսել, ինչպես կազմակերպել հրատարակությունը և, ամենակարևորը, որքան գումար է անհրաժեշտ», — պատմում է մեր զրուցակիցը։

Ալբերտի մասին Սեդայի համար կարևոր էր նաև մեկ այլ հանգամանք։ Երիտասարդը շաբաթվա ընթացքում ծառայում էր հայոց բանակում, իսկ կիրակի օրերին օգնում Վահանավանքի քահանային՝ մասնակցելով եկեղեցու աշխատանքներին։

«Նա իր ժամանակն ու ուժերը նվիրում էր թե՛ հայրենիքին, թե՛ եկեղեցուն։ Այս ամենը, ինչպես նաև նրա ստեղծագործական աշխարհը, հետաքրքրություն էին առաջացրել իմ մեջ», — ասում է նա։

Ավելի ուշ Սեդան ծանոթացել է Ալբերտի «Ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուին։ Գիրքը կարդալուց հետո նրան հատկապես տպավորել են ստեղծագործությունների ջերմությունը, հավատքի և Աստծո հետ կապի թեմաները։ Այդ ժամանակ էլ ավելի է ամրապնդվել այն համոզումը, որ գիրքը պետք է հրատարակվի։

Որոշելով աջակցել նախաձեռնությանը՝ նա կապ է հաստատել Ալբերտի ընկերների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է կազմակերպել տպագրությունը։ Գրքի խմբագրական աշխատանքներին մասնակցել է Ալբերտի մայրը, իսկ նկարազարդումները կատարել է նրա ընկերը՝ Գարեգինը, որը նաև ակտիվորեն աջակցել է նախաձեռնությանը։

Մեր զրուցակիցը նախկինում իր բլոգի միջոցով բազմաթիվ դրամահավաքներ է կազմակերպել, սակայն դրանք հիմնականում ուղղված են եղել առողջական խնդիրներ կամ սոցիալական դժվարություններ ունեցող մարդկանց աջակցելուն։ Այս անգամ նպատակը բոլորովին այլ էր՝ համախմբել մարդկանց երիտասարդ հեղինակի գրքի հրատարակության շուրջ։

«Ինձ շատ դուր եկավ հենց այդ միտքը։ Սովորաբար գումարներ ենք հավաքում, որպեսզի օգնենք մարդկանց, որոնք այդ պահին դժվար իրավիճակում են հայտնվել։

Իսկ այս անգամ կարող էինք միավորվել ոչ թե որևէ մեկի խնդիրը լուծելու, այլ մի երիտասարդի երազանքն իրականացնելու և նրա գիրքը տպագրելու համար։ Ինձ համար սա շատ հետաքրքիր ու ոգևորիչ նախաձեռնություն էր։ Անգամ մտածում եմ, որ նման դրամահավաքները պետք է շարունակական բնույթ կրեն», — պատմում է Սեդան։

Գրքի տպագրության համար անհրաժեշտ էր հավաքել 250 հազար դրամ։ Սեդան առաջարկել էր 250 մարդուց յուրաքանչյուրից 1000 դրամ նվիրատվություն ստանալու տարբերակը։ Գաղափարի հիմքում պարզ սկզբունք էր՝ յուրաքանչյուրի աջակցությունը կարող էր փոքր լինել, բայց շատ մարդկանց միանալու շնորհիվ հնարավոր կլիներ իրականացնել մեծ գործ։

Սյուզի Դավթյան