կարևոր
367 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-31 17:58
Քաղաքական

Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան

Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է․

«Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է տարածաշրջանում կանաչ էներգետիկայի զարգացման, Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող «կանաչ միջանցքի» մասին՝ կանաչ էներգետիկան կոչելով «խաղաղության դիվիդենտ»։ Նա նաև անդրադարձել է 800 գիգավատտի պոտենցիալ ունեցող քամու էներգիայի և Հայաստանի հետ էներգետիկ փոխկապակցվածության մասին։

Կասպից ծովից մինչև Եվրոպայի սահման ատոմային էլեկտրակայան ունի միայն Հայաստանը։ Հիմա էլ ատոմակայանը փակելն է դառնում խաղաղության նախապայման։ Ի՞նչ է փոխարենն առաջարկում Ադրբեջանը։ «Կանաչ» հոսանք մատակարարել Հայաստանին։ Այսինքն․ խաղաղություն եք ուզում, փակեք ատոմակայանը, մենք ձեզ հոսանք կմատակարարենք։ Հավանաբար հենց սրա համար է ԹՐԻՓՓ-ում հայտնվել «էներգետիկ» բաղադրիչը։

Ադրբեջանն ավելի քան երեք տասնամյակ պահանջում է փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ ՀԱԷԿ-ը, շատ լավ գիտակցելու կայանի դերը մեր էներգետիկ անկախությունն ապահովելու տեսանկյունից։ Հայաստանը միշտ հրաժարվել է։ Իսկ հիմա Ադրբեջանը ՀԱԷԿ-ի փակումը կապակցում է «խաղաղության» հետ։

Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա։ Անկախ Հայաստանի էներգետիկ կախվածությունն Ադրբեջանից։ Ականջահաճո կանաչ էներգիան այլևս Հայաստանը գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․․․․»։