կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-22 13:09
Քաղաքական

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը. տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների հարգելի անդամներ,

Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումն այլևս դառնում են անշրջելի ավանդույթ և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է:

Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ:

Իհարկե, Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով, մենք բնականաբար շատ ենք կարևորում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է:

Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք:

Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:

Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդանարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ:

Եվ իհարկե մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի:

Այս առումով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա:

Հարգելի գործընկերներ, մեզ այսօր մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք»:

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված ու հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն: