կարևոր
352 դիտում, 4 ժամ առաջ - 2026-08-11 10:13
Հասարակություն

Հունվարի 1-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը

Հունվարի 1-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։ 

«Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝

  • պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,

  • պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝

  • տարաներ,

  • ափսեներ,

  • բաժակներ,

  • բաժակի կափարիչներ,

  • գդալներ,

  • պատառաքաղներ,

  • դանակներ,

  • ըմպելու և խառնելու ձողիկներ։

Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ 

Օրենքով բացառություն է սահմանվել՝

• կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,

• երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,

• ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ 

Հորդորում ենք նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ 

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով 

85 20 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում։