կարևոր
2008 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 14:38
Հասարակություն

Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել

Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Էրեբունիում տեղի ունեցած զինված հարձակումից հետո իրավապահ համակարգը լայնածավալ ռեյդեր է սկսել։ Տարբեր հասցեներից բերման են ենթարկվել քրեական հակումներ ունեցող անձինք, այսպես կոչված՝ «աֆտարիտետներ» և նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված դեմքեր։

«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ բերման ենթարկվածների թվում է նաև «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմ Կանևսկոն (Հարությունյան)։

Այստեղ առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Արտյոմ Կանևսկոն հայտնի է մի շարք քրեական գործերով, սակայն հենց Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիներին ԿԳՄՍ նախարարությունից շնորհակալագիր է ստացել՝ դպրոց վերանորոգելու համար։

Մի կողմից այս իշխանությունը հայտարարում է քրեական ենթամշակույթի և «օրենքով գողերի» դեմ անզիջում պայքար, մյուս կողմից՝ իշխանությունը շնորհակալություն է հայտնում մի անձի, որը կապվում է հենց այդ նույն քրեական միջավայրի հետ։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ Կանևսկոյին շուտով բաց կթողնեն, քանի որ խոսքը պրոֆիլակտիկ բնույթի գործողությունների մասին է, ավելի կոնկրետ՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց «սթափեցնելու» և վախեցնելու նպատակ ունի:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ իշխանությունների հայտարարած «զրոյական հանդուրժողականությունը» քրեական աշխարհի նկատմամբ իրական քաղաքականություն, թե՞ ընտրովի մոտեցում է՝ կախված իրավիճակից և շահերից։