կարևոր
508 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 14:14
Քաղաքական

Գագիկ Ծառուկյանը 10 մեքենա է նվիրել բնապահպանական տեսչական մարմնին. Արծվիկ Մինասյան

«Ակնհայտ է, որ գործընթացն ինքնին իրավական պրոցեսից դուրս է եկել»,- Քնչականի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելուն։  

Նշենք, որ նախաքննական մարմինը փաստաբան Երեմ Սարգսյանին այսօր հեռացրել է վարույթից ու թույլ չի տվել հանդես գալ որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանի մասով ոչ միայն աջակցում է որպես քաղաքականության մեջ գտնվող մարդ, այլ նաև մարդ, ով ծանոթ է Գագիկ Ծառուկյանին․

«Ի դեպ, նաև ուզում եմ արձանագրել որպես Բնապահպանության նախկին  նախարար, պարոն Ծառուկյանը  մեծ ներդրում է ունեցել բնապահպանության ոլորտում։ 10 նիվա ավտոմեքենա նվիրել է նա հենց բնապահպանական տեսչական մարմնին։ Կատարել է մեծածավալ ներդրումներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

«Պետք է արձանագրել, որ այս գործողությունն ուղղված է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի դեմ, այս գործողությունն ուղղված է Հայաստանի ողջ տնտեսության դեմ, և եթե իրենք ուզում են իրավաչափ գործողություններ ձեռնարկել, ապա ամենևին այս ձևը չի։ Սա ոչ միայն վրեժխնդրություն է, սա նաև մարդկային արժանապատվության ուղիղ ոտնահարում է»։