կարևոր
3505 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-01 09:23
Քաղաքական

Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության. «Ժողովուրդ»

Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության։ Ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ներկայանում է աշխատանքի, նստում համակարգչի առջեւ, ծանոթանում նորություններին, սրճում եւ հեռանում կամ լավագույն դեպքում ցուցանիշ ապահովելու համար իմիտացիա է անում: Այդ կառույցի լիազորությունների մեջ է մտնում ընդերքի վերահսկողությունը, բայց հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող եւ զննող մասնագետ չկա վերահսկողական այդ կառույցում։ Տեսչական մարմնի կանոնադրության մեջ ամրագրված է ընդերքօգտագործում եւ ընդերքի պահպանություն իրականացնելը որպես գլխավոր գործառույթ։

Գործառույթներում նշված է նաեւ. «Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի ոլորտներում»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բոլոր մասնագետները վերջին մեկ տարում կա՛մ հեռացել են, կա՛մ տարբեր հանգամանքներում հեռացվել են աշխատանքից։ Այսօրվա դրությամբ տեսչական մարմինը փաստացի պարապուրդի է մատնված, եւ արդեն մեկ տարի է՝ Հայաստանում ոչ մի հանքավայրի գործունեություն չի ստուգվում:

Տեսչական մարմնի երկու կարեւորագույն բաժիններում (Ընդերքի վերահսկողության վարչություն եւ Հանքային ջրերի եւ երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժին) մասնագետներ չկան, իսկ եղած 1-2 աշխատակիցներն էլ մանկավարժ են կամ «ֆիզկուլտուրնիկ», որոնք հանքի եւ հողի շերտերի մասնագիտական գիտելիքներ չունեն։ Սա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բացն է. նա է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով:

Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ նշում էր. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Այս ոլորտը ստուգող մասնագետներ, սակայն, չկան պետական տեսչական մարմնում: Հիշեցնենք, որ վերջին աղմկահարույց ստուգումը եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո Վահե Հակոբյանն իր մասնաբաժինը կորցրեց այնտեղ, հետո էլ ստիպված եղավ պատգամավորական մանդատից հրաժարվել:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում