կարևոր
949 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 16:38
Հասարակություն

Հայկական ավիացիայի պերճանքը և թշվառությունը. Արտակ Իսկանդարյան

Հայկական ավիացիայի պերճանքը և թշվառությունը. Արտակ Իսկանդարյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Իսկանդարյանը գրում է․

«Հայկական ավիացիայի պերճանքը և թշվառությունը։

Ժող ջան, ուզում եմ մի թեմայի մասին գրել։

Ինչպես արդեն տեղյակ եք, Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այս շաբաթ մեկնել էր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու հոգևոր առաջնորդի հետ հրաժեշտի սգո արարողությանը։

Երեկ մեկը ինձ քոմենտ էր գրել…

«Ապե՛ր, կարող ա Բորտ-1-ի խադավիկի մոտ սերվիս են անում, դրա համար էլ FlyOne-ի ինքնաթիռով են գնացել»։

Ասի՝ մի հատ գուգլեմ, տեսնեմ՝ ինչ պատմություն ա։

Ու պարզվեց, որ դեռ «Հետք» պարբերականն էր բացահայտել՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ից կառավարական օդանավի շահագործող է դարձել FlyOne Armenia-ն՝ մոլդովական արմատներով ընկերությունը։ Իսկ 2023 թվականի դեկտեմբերից FlightRadar24-ում և այլ հարթակներում նույն օդանավի թռիչքները երևում են արդեն FIE4001 (երբ օգտվում է վարչապետը) և FIE4002 (երբ օգտվում է նախագահը) կոդերով։

Մդա…

Երևի սա էլ առանց մրցույթի կամ տենդերի են տվել։ Թե ում հետ են կապում այդ ընկերությունը, կարծում եմ՝ նշելու կարիք չկա։

Բայց այստեղ ավելի հետաքրքիր հարց կա։

Օդանավը ոչ միայն փոխել է շահագործողին, այլև փոխել է իր «ինքնությունը» FlightRadar24-ում։

Եթե նախկինում այն երևում էր հայկական EK-RA01 գրանցմամբ, ապա հիմա՝ FIE4001 (երբ սպասարկում է վարչապետին) և FIE4002 (երբ սպասարկում է նախագահին) կոդերով, որոնք օգտագործում է FlyOne Armenia-ն որպես շահագործող։

Սրանք արդեն մանրուքներ չեն։ Սա պարզապես տեխնիկական փոփոխություն չէ․ պետական օդանավի շահագործողի, թռիչքային կոդերի և նույնականացման ձևի փոփոխությունը միշտ հարցեր է առաջացնում։

Եթե կարծում եք, որ խնդիրը պարզապես «մատոռի յուղ փոխելն» էր, դժվար թե։

Իրանի հոգևոր առաջնորդի մահվան մասին հայտնի էր ամիսներ առաջ, և պարզ էր, որ վաղ թե ուշ հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան։ Եթե խնդիրը տեխնիկական սպասարկումն էր, կարելի էր այն նախօրոք կազմակերպել։

Ու այստեղ արդեն մի հարց է առաջանում.

Միգուցե պետական օդանավի շահագործողի, նույնականացման կոդերի և փաստացի «ինքնության» փոփոխությունը հերթական քաղաքական պայմանավորվածության արդյունք էր՝ կամ արտաքին պահանջների հետևանք։

Չեմ պնդում։

Պարզապես հարց եմ տալիս։

Այո՛, նախկինում էլ եղել են դեպքեր, երբ ՀՀ նախագահը Թեհրան է մեկնել իրեն չսպասարկող օդանավով։ Բայց այդ ինքնաթիռի վրա պետական տարբերանշաններ կամ նույնականացնող նշումներ չեն եղել։ Կարելի էր պարզապես սովորական չարտեր պատվիրել՝ առանց ավելորդ խորհրդանշական լուծումների։

Բայց այս պատմության ամենացավոտ հատվածն ուրիշ տեղ է։

Հայկական ավիաընկերությունները 2020 թվականի հունիսի 2-ից ներառվել են Եվրամիության ավիացիոն անվտանգության «սև ցուցակում» (EU Air Safety List)։

Արդեն վեց տարի է անցել։

Ու այդ ամբողջ ընթացքում պետությունը մատը մատին չի տալիս, որ Հայաստանը դուրս գա այդ ցուցակից։

Ծիրանի, ծաղիկի ու գյուղմթերքի արտահանման մասին օր ու գիշեր խոսում են։

Բայց մի ամբողջ ռազմավարական ոլորտ, որը կարող էր Հայաստանին բերել հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրումներ, հազարավոր աշխատատեղեր, զարգացնել զբոսաշրջությունը և Հայաստանը դարձնել տարածաշրջանային ավիացիոն հանգույց, կարծես ոչ մեկին չի հետաքրքրում։

Եվրամիության կողմից գյուղատնտեսության զարգացման համար հատկացված տասնյակ միլիոնավոր եվրոներից եթե թեկուզ մի քանի միլիոնն ուղղվեր քաղաքացիական ավիացիայի բարեփոխմանը, այսօր վաղուց հայկական ավիաընկերություններով կթռչեինք Եվրոպա։

Ոչ թե հայկական անունով, բայց մոլդովական օպերատորի կոդերով ու փաստացի մոլդովական կառավարման ներքո աշխատող ընկերությունների միջոցով։

Իսկ առայժմ ստացվում է, որ սեփական երկիրը Եվրոպայի «սև ցուցակից» հանել չենք կարողանում, բայց դրա փոխարեն պետական օդանավն արդեն օտար օպերատորի շահագործման տակ է։

Նիկոլին մեծ ավիացիա պետք չի… նրան հերիք է, որ ինքնաթիռը թռչի։ Իսկ թե ինչ դրոշի տակ, ինչ օպերատորի կոդերով ու ում շահերով՝ դա արդեն «մանրուք» է…»։