|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման յոթ տարի և մեկ ամիս ժամկետով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Ադրբեջանցին ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսին Հունաստանի ոստիկանության և հետախուզական ծառայության կողմից իրականացված գործողության արդյունքում։ Այդ ժամանակ կար կասկած, որ նա մոնիթորինգի է ենթարկում Հունաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ համարվող Սուդայի ռազմածովային բազան։
Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից ի վեր մնացել է հյուրանոցի համարում, որտեղից տեսարան էր բացվում դեպի արևմտյան Կրետեի Խանիա շրջանում գտնվող ռազմածովային և ռազմաօդային բազան։
Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ նա մեղադրվում է պետական գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա տերություններին փոխանցելու մեջ, այդ թվում՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր։
Դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ նա լրտեսելու մտադրություն չի ունեցել, լուսանկարել է մի տեսարան, որտեղ բոլորը մուտք ունեն։
Նրա սենյակից առգրավված իրերի թվում են եղել բարձր որակի նկարահանում անող տեսախցիկ, USB, ինչպես նաև տվյալների պահպանման կրիչներ:
Աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը նրա համակարգչում նաև հայտնաբերել է կոդավորման ծրագիր։