|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.19 |
| EUR | ⚊ | € 434.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9466 |
| GBP | ⚊ | £ 501.44 |
| GEL | ⚊ | ₾ 138.07 |
Պատմության ֆակուլտետում կայացավ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Հանդիսության ընթացքում արժևորվեց պատմաբանի բազմամյա գիտամանկավարժական գործունեությունը և ունեցած հարուստ գիտական ժառանգության նշանակությունը։
Պրոֆեսոր Էդիկ Մինասյանի գիտամանկավարժական գործունեությունը սերտորեն կապված է Երևանի պետական համալսարանի հետ, որտեղ նա ձևավորվել և կայացել է որպես պատմաբան ու հետազոտող։ Տասնամյակների ընթացքում նա դասավանդել է պատմագիտական տարբեր առարկաներ, ղեկավարել բազմաթիվ թեկնածուական և հետազոտական աշխատանքներ՝ զգալի ներդրում ունենալով երիտասարդ պատմաբանների կայացման գործում։
ԵՊՀ պրոֆեսորը նշանակալի ներդրում ունի Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության, հասարակական-քաղաքական գործընթացների և Հայկական հարցի ուսումնասիրության մեջ։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ազգային-ազատագրական շարժումների պատմությունը, քաղաքական պատմությունը, ինչպես նաև հասարակական մտքի զարգացումը։ Պատմաբանի աշխատություններն առանձնանում են աղբյուրագիտական հարուստ հիմքով, վերլուծական մոտեցմամբ և արդիական խնդիրների խորքային մեկնաբանությամբ։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն անդրադարձավ պրոֆեսոր Մինասյանի գործունեությանը՝ կարևորելով նրա դերը ֆակուլտետի կրթական և գիտական առաջընթացի գործում:
ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, շնորհավորելով հոբելյարին, բարձր գնահատեց նրա՝ տասնամյակների նվիրումը համալսարանին: Ի նշանավորումն գիտամանկավարժական վաստակի՝ ԵՊՀ պրոռեկտորը Էդիկ Մինասյանին հանձնեց շնորհակալագիր՝ ընդգծելով, որ այն պրոֆեսորի կատարած ծավալուն աշխատանքի և համալսարանական կյանքում ունեցած մեծ ավանդի հերթական հավաստումն է:
Հայագիտության ասպարեզում ունեցած բազմամյա վաստակի համար պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից պարգևատրվեց «Մովսես Խորենացի» հուշամեդալով:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից հոբելյարին հանձնվեց ԵՊՀ անվանական ժամացույց՝ որպես երախտագիտության տուրք վաստակաշատ համալսարանականին։
Միջոցառման շրջանակում ներկայացված զեկուցումները, որոնք նվիրված էին պրոֆեսորի՝ հայոց նորագույն պատմության, սփյուռքագիտության և հայ կանանց հերոսամարտի պատմության ուսումնասիրության մեջ ներդրած ավանդին, ամփոփեցին պրոֆեսորի բազմամյա գիտական ուղին:
Զեկուցողները բարձր գնահատեցին Էդիկ Մինասյանի աշխատությունների գիտական արժեքն ու դրանց կարևորությունը պատմագիտության արդի խնդիրների լուսաբանման գործում:
Հանդիսությունն ավարտվեց Էդիկ Մինասյանի շնորհակալական խոսքով, որով նա իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին՝ բարձր գնահատանքի՝ իր ինչպես գիտակրթական, այնպես էլ մանակավարժական աշխատանքի արժևորման համար։