կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 15:32
Քաղաքական

Այդ մանկավարժը, ի՞նչ է, դասաժամերից դուրս դառնում է Ձյունանուշի՞կ, թե՞ Ձմեռ պապ. Գևորգ Պետրոսյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Այդ մանկավարժը, ի՞նչ է, դասաժամերից դուրս դառնում է Ձյունանուշի՞կ, թե՞ Ձմեռ պապ. Գևորգ Պետրոսյանը՝ Տիգրան Մուկուչյանին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ԿԸՀ-ի 2016թ-ի գործունեության մասին հաղորդումը: Իր ելույթում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ ընտրակաշառքի, ձայնագրությունների մասին քննադատություններին հաջորդած Գևորգ Կոստանյանի արդարացումներին: Գևորգ Պետրոսյանի խոսքերով՝ ընտրությունների նախընտրական շրջանն ընթացել է խայտառակ իրավախախտումներով: ԿԸՀ-ն էլ չի օգտվել իր լիազորությունների ամբողջական ծավալից:

Կոստանյանը նշել էր, որ անմեղության կանխավարկած կա, և հնարավոր է աղմուկ հանած ձայնագրությունները կեղծ են, ինչո՞ւ պիտի դրա համար ընտրական գործընթացը խափանվեր: Պետրոսյանը նշեց, որ իր համար ընդունելի չեն այն պարզաբանումները, թե դպրոցների տնօրենները հնարավոր է իրենց դասաժամերից, աշխատանքից հետո են զբաղվել ցուցակագրությամբ, հրավիրել աշակերտների ծնողներին:

«Այդ մանկավարժը, ի՞նչ է, դասաժամերից դուրս դառնում է Ձյունանուշի՞կ, թե՞ Ձմեռ պապ: Նա պահպանում է իր կարգավիճակը և իր ազդեցությունը աշակերտների ծնողների նկատմամբ»,- ասաց նա, ապա հավելեց. «Անձամբ ինձ զանգում է ոստիկանության ինչ-որ թաղային տեսուչ, ներկայանում է, ասում է՝ ձեր ընտանիքում քանի՞ հոգի կա, ովքե՞ր են:

Իմ այն հարցին՝ էդ ո՞ր օրենքով եք ղեկավարվում՝ իմ անձնական կյանքի, ընտանիքի մասին տեղեկություներ հարցնելով, ասում է՝ գիտեք, ես նոր թաղայինն եմ, փոխել եմ իմ գործելաոճը, պիտի իմ բնակիչների մասին տեղեկացված լինեմ: Ընտրություններից հետո էդ նույն ոստիկանը ուղղակի մրցավազքի է դուրս եկել Խաչատուր Աբովյանի հետ Մասիս սարը մագլցելու հարցում, մինչև հիմա չկա, որ իմանա մեր ընտանիքում ինչ խնդիրներ կան, մեր բակում ինչ խնդիրներ կան»: