Միասին կարող ենք
կարևոր
1030 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-24 15:11
Հասարակություն

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ իրենց թույլ չեն տվել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցույց անցկացնել․ գրում է ekhokavkaza.com-ը։

Համայնքի խորհրդի անդամ Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ նրանք սահմանված ժամկետում գրավոր դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան և Ներքին գործերի նախարարություն, սակայն մերժում են ստացել։

Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ պատասխանում նշվում է, որ «Հավաքների մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը պարտավոր է ապահովել հավասարակշռություն հավաքների ազատության և ցույցերի անցկացման վայրերում բնակվող, աշխատող կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձանց իրավունքների միջև: Այս անձինք չպետք է սահմանափակվեն իրենց գործունեությունը շարունակելու հարցում:

ՆԳ նախարարությունը նաև պարտավոր է պահպանել հավասարակշռություն հավաքների ազատության և հասարակական անվտանգության, օրենքի և կարգուկանոնի, քաղաքացիների տրանսպորտի և ազատ տեղաշարժի, ինչպես նաև մարդու այլ իրավունքների և ազատությունների միջև: Այդ նպատակով Ներքին գործերի նախարարությունն իրավունք ունի քննարկելու հավաքի ժամանակը և/կամ վայրը կամ դրա երթուղին փոխելու նպատակահարմարությունը։ Հետևաբար, հաշվի առնելով նշված վայրը և դրա առանձնահատկությունները, հավաքի անցկացումը կարող է հանգեցնել այս պահանջների խախտման, ուստի՝ համայնքին խնդրել են քննարկել վայրի փոփոխության հարցը։

Ժանետա Բաղդասարյանն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ իրենք չեն քննարկում հավաքն այլ տեղ անցկացնելու հարցը։ Նրանց համար կարևոր էր ցույցն անցկացնել հատկապես Թուրքիայի դեսպանատան մոտ, ինչպես դա արել են վերջին 20 տարիների ընթացքում։ Համայնքը նաև նշում է, որ «այս գործելակերպը չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և խաթարում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը»։