|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Vector News-ը գրում է․ ««Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը իր Facebook-ի էջում հրապարակել է տեղեկություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթի անցկացման մասին։
Միաժամանակ կազմակերպության էջում բացակայում էր տեղեկատվությունը մեկ այլ ամենամյա միջոցառման մասին՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց անցկացվող հանրահավաքի, որը, կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, անցկացվում է ավելի քան 20 տարի։
Այս կապակցությամբ Vector News-ը դիմել է կազմակերպությանը՝ պարզաբանումներ ստանալու ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների վերաբերյալ։
Կազմակերպության վարչությունից հայտնել են, որ քաղաքապետարան են ներկայացվել երկու առանձին դիմումներ՝ ջահերով երթի և ապրիլի 24-ի միջոցառման վերաբերյալ։
Ավելի ուշ կազմակերպության ներկայացուցչի հետ կապ են հաստատել ոստիկանության աշխատակիցները և հայտնել, որ քաղաքապետարանից ստացվել է բացասական պատասխան՝ ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց միջոցառման անցկացման վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, կազմակերպության ներկայացուցչի խոսքով` ապրիլի 23-ին նախատեսված ջահերով երթը մերժում չի ստացել։
Հեռախոսազրույցում նշվել է, որ մերժման պատճառը հնարավոր բախումների վտանգն է։ Այդ իսկ պատճառով ապրիլի 24-ին նշված վայրում միջոցառման անցկացումը համարվել է ոչ նպատակահարմար, և առաջարկվել է դիտարկել այլ վայրեր։
Կազմակերպությունում հայտնել են, որ այս փուլում սպասում են պաշտոնական գրավոր պատասխանին։ Նրանց խոսքով՝ տոնական օրերից հետո ակնկալում են ստանալ համապատասխան փաստաթուղթ քաղաքապետարանից։
Պատասխանը ստանալուց հետո նախատեսվում է անցկացնել քննարկում և որոշել հետագա քայլերը, ինչպես նաև հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։
Vector News-ը նաև հետաքրքրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմատիկ ցուցահանդեսների ճակատագրով, որոնք կազմակերպությունը ավանդաբար անցկացնում է քաղաքի տարբեր հատվածներում։
Կազմակերպության քարտուղար Ժանետտա Բաղդասարյանը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակ եղել է նաև փետրվարին՝ Սումգայիթի ջարդերի հիշատակի օրը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը նախատեսել էր անցկացնել այդ թեմային նվիրված ցուցահանդես, որը տարիներ շարունակ իրականացվում է Թբիլիսիում:
Սակայն այս անգամ կազմակերպությունը ստացել է բանավոր մերժում ոստիկանության միջոցով՝ հղում անելով քաղաքապետարանի որոշմանը։
Դրանից հետո կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս դիմել են քաղաքապետարան՝ պահանջելով պաշտոնական գրավոր մերժում, սակայն, նրանց խոսքով, չնայած խոստումներին, որևէ փաստաթուղթ չի տրամադրվել։
Արդյունքում, չնայած գրավոր բացատրության բացակայությանը, կազմակերպությունը որոշել է ձեռնպահ մնալ միջոցառման անցկացումից»։