Միասին կարող ենք
կարևոր
1213 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 19:41
Քաղաքական

Մոսկվան առանձնացրեց Հայաստանը Փաշինյանից

Մոսկվան առանձնացրեց Հայաստանը Փաշինյանից

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման հրապարակային հատվածը ցույց տվեց մի կարևոր իրողություն՝ Մոսկվան ավելի ու ավելի հստակ է տարբերակում Հայաստանը որպես պետություն և ներկայիս իշխանության քաղաքական գիծը։ Այդ տարբերակումը երևաց հատկապես այն պահին, երբ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչը բխում է հայկական ժողովրդի շահերից։ 

Այս ձևակերպմամբ փաստացի արձանագրվեց, որ Կրեմլի համար առաջնային հասցեատերը ոչ թե օրվա իշխանությունն է, այլ հենց Հայաստանը և նրա հասարակությունը։

Այս մոտեցումը շատ նշանակալից է։ Տարիներ շարունակ Երևանում փորձ է արվել այնպիսի պատկեր ստեղծել, թե ռուս-հայկական հարաբերությունների լարվածությունը կամ կայունությունը ամբողջությամբ պայմանավորված է անձնական շփումներով, քաղաքական կոնյուկտուրայով կամ տվյալ ղեկավարության դիրքավորմամբ։ Սակայն Պուտինի վերջին հայտարարությունները վկայում են այլ բանի մասին։ 

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները չի սահմանափակում մեկ ղեկավարի կամ մեկ քաղաքական փուլի շրջանակով։ Դրանք դիտարկվում են շատ ավելի խորքային հիմքերի վրա՝ տնտեսական փոխկապվածություն, էներգետիկ ներկայություն, առևտրային համակարգ, աշխատաշուկա և հումանիտար հարաբերություններ։

Սա նաև ներքաղաքական հստակ ենթատեքստ ունի։ Եթե Մոսկվան հրապարակային մակարդակում արդեն առանձնացնում է երկիրը և ղեկավարությանը, ապա ցանկացած հետագա խնդիր ավելի դժվար կլինի ներկայացնել որպես «Ռուսաստանի վերաբերմունք ամբողջ Հայաստանի նկատմամբ»։ 

Կրեմլի տրամաբանությունն այլ է։ Խնդիրները կարող են վերաբերել որոշումներին, ընթացիկ գծին կամ իշխանության վարքագծին, բայց ոչ Հայաստանի՝ որպես ռազմավարական կարևորության պետության ընկալմանը։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ հարաբերությունները Հայաստանի հետ շարունակվելու են՝ Փաշինյանի հետ, առանց նրա կամ նրանից հետո։