կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 17:00
Քաղաքական

Հայաստանը հոգնել է Փաշինյանից. վերջ վայրիվերումներին. Lenta.ru-ն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին և հեռանկարներին

Հայաստանը հոգնել է Փաշինյանից. վերջ վայրիվերումներին. Lenta.ru-ն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին և հեռանկարներին

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հաջորդ կիրակի`հունիսի 20-ին: Դրանք կդառնան քաղաքական ուժերի՝ երկար ամիսների առճակատման արդյունքը, որոնք սկսվել են Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում ցավալի պարտությունից հետո: Թե՛ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը համաձայն են, որ միայն նոր ընտրությունները կարող են լուծել քաղաքական ճգնաժամը: 26 քաղաքական կուսակցություն և դաշինք թավշյա հեղափոխությունից ի վեր առաջին անգամ մտել են իշխանության համար պայքարի մեջ: Բայց իրական պայքարը, ինչպես ցույց են տալիս վերջին հարցումների արդյունքները, ծավալվելու է երկու առանցքային դերակատարների`վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի («Իմ քայլը») և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի («Հայաստան») միջև: «Lenta.ru»- փորձել է հասկանալ, թե ինչ դեր է խաղում «ռուսական գործոնը» նախընտրական մրցավազքում, և ինչպես են ազդելու գալիք ընտրությունները Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:

Ճգնաժամային շրջան

Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս՝ շարունակելով ժամանակավորապես կատարել իր պարտականությունները մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց նպատակն է երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից: Ընդդիմությունը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը 2020-ի աշնանից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանագիր կնքեցին Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին: Այն ստորագրվեց այն ժամանակ, երբ Հայաստանի համար իրավիճակը դարձավ աղետալի: Զինված ուժերն անկյուն էին քշվել և ստիպված նահանջում էին մի քանի ճակատով, մինչդեռ ադրբեջանական զինուժը սպառնում էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին:

Փաշինյանի ձևական հրաժարականը ակնհայտորեն ձեռնտու չէ ինչպես ընդդիմությանը, այնպես էլ բնակչության մի զգալի հատվածին, որը հիասթափված է պոպուլիստ քաղաքական գործչի քաղաքականությունից: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ հրաժարականի դիմումը թույլ տվեց նրան պահպանել վարչական ռեսուրսը ընտրությունների ընթացքում և հնարավորություն տվեց ազդելու երկրում տիրող իրավիճակի վրա: Բնակչությունը դժգոհ է Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունից` սկսած ռուսական «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերի վերաբերյալ սկանդալից մինչև միջազգային ասպարեզում դաշնակիցների հետ հարաբերություններ կառուցելու անկարողությունը: Բացի դրանից՝ զինադադարից ավելի քան վեց ամիս անց իրավիճակը Հայաստանի սահմաններին մնում է անկայուն: Մասնավորապես՝ մնում են չլուծված երկու ցավոտ խնդիրներ՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը և հայ ռազմագերիների ճակատագիրը, որոնց մի մասը գերեվարվել են Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցումից հետո:

Հայկական կողմի պահանջները որոշ արդյունքների հանգեցրին, չնայած լարվածությունը  սահմանին շարունակվում է: Հունիսի 12-ին Ադրբեջանը, Վրաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, 15 գերիների հանձնեց Հայաստանին: Նրանք ազատ են արձակվել այն բանից հետո, երբ Երևանը Բաքվին տրամադրեց քարտեզներ, որոնք ցույց են տալիս Աղդամի շրջանում 97,000 հակատանկային և հակահրթիռային ականների տեղակայման վայրերը: «Ես կցանկանայի ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց որդիները այսօր չեն վերադառնա, այն բանի համար, որ նրանց վերադարձը կրկին հետաձգվում է: Հուսով եմ, որ նրանք ըմբռնումով կվերաբերվեն դրան»,- ասել է Փաշինյանը գերիների՝ հայրենիք վերադառնալուց հետո:

Բայց, չնայած բնակչության հետ երկխոսություն կառուցելու փորձին, իրավիճակը շարունակում է հիմնավորված վրդովմունք առաջացնել Հայաստանում: Ի վերջո, Ադրբեջանը նախկինում հայտարարել էր, որ 140 ձերբակալված անձինք փոխանակման ենթակա չեն, քանի որ նրանք կա՛մ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, կամ՛ մեղադրվում են «վարձկան լինելու», «ահաբեկչություն» և «ռազմական հանցագործություններ» հոդվածներով: «Ադրբեջանը շահարկում է հայ բանտարկյալների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինվորներին գերության մեջ պահելու փաստը, նույնիսկ երբ սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակված ապացույցներ և տեսանյութեր կան»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:

Աշխարհաքաղաքական վայրիվերումներ

Գերիներին վերադարձնելու և սահմաններն ապահովելու անպտուղ փորձերի ֆոնին՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Փաշինյանը կոչ արեց խորացնել ռազմական և ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ի պատասխան «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության»: Բայց Կրեմլը դեռ հետևում է իրավիճակի զարգացմանը և սպասում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ակնհայտ է, որ ռուսական կողմը Փաշինյանին չի դիտում որպես ուժեղ և համակարգված խաղացող, որի հետ կարելի է կառուցել երկարաժամկետ երկխոսություն: Ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանի  նկատմամբ կողմնորոշումը երկրորդ պլան է մղվել Փաշինյանի կառավարման տարիներին, մինչդեռ հազվադեպ ռուսամետ հայտարարությունները կապված էին բացառապես արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու փորձի հետ:

Այնուամենայնիվ, չնայած ամեն ինչին, Ռուսաստանը շարունակում է խաղալ խաղաղարարի դեր, իսկ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները փաստացիորեն բացառվում են ԼՂ  խաղից՝ չնայած դրան վերադառնալու բոլոր փորձերին: Այսպես՝ Ելիսեյան պալատում ընդունելով հայկական պատվիրակությանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց լիցքաթափել և վերսկսել երկխոսությունը՝ պնդելով, որ սահմանի խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, վերջին տարիներին, ի վերջո, ցույց տվեց իր անկարողությունը ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու հարցում:

Այս իրավիճակում հենց ռուսական կողմի դիրքորոշումն է որոշում, թե որքան արագ Հայաստանը կարող է դուրս գալ քաղաքական փակուղուց և վերականգնվել Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո... Ավելին՝ պատմությունն ինքնին փաստում է, որ Հայաստանի առաջադեմ զարգացումը կախված է Անդրկովկասի հիմնական խաղաղարար Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից: Հետևաբար, դեպի Ռուսաստան շրջադարձը, որին կարող են աջակցել միլիոնավոր հայեր, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենատրամաբանական որոշումն է թվում:

«Ռուսական գործոնն», իրոք, գրեթե հիմնական դեր է խաղում Հայաստանում նախընտրական մրցավազքում: Ներքաղաքական մարտերում հայ-ռուսական հարաբերությունների ապագայի թեման կապված է ԼՂ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման և արդեն Հայաստանին գոյություն ունեցող աջակցության հետ լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերել չցանկանալու հետ: Դա հիմնականում պայմանավորված է Կրեմլի անվստահությամբ Փաշինյանի նկատմամբ, որը պատանդ դարձավ իր նախապատերազմական քաղաքականությանը և հասարակական տրամադրություններին: Կառուցելով իր դեմոկրատ կերպարը, որը չի կապվում հետխորհրդային էլիտաների հետ, նա ստիպված էր գործել ավելի որպես արմատական՝ կիրառելով հակառուսական հռետորաբանություն: Արդյունքում՝ դա հանգեցրեց Ռուսաստանի ռազմավարական անվստահությանը Հայաստանի ներկայիս կառավարության նկատմամբ:

«Հայաստանի քաղաքական օլիմպոս բարձրանալու հենց սկզբից Փաշինյանը ցույց տվեց իր բազմավեկտորությունը: Նրա ռազմավարությունը հիմնված է ուժերի միջև հակասությունների վրա խաղալու և միևնույն ժամանակ Հայաստանը հենց այդ հակասությունների առարկա դարձնելու վրա»,– նշել է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը։

Դուրս եկեք լճացումից

Բնականաբար, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ չպետք է ակնկալել առաջընթաց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման հարցում: Ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել և երկիրը դուրս բերել ներկայիս ընկճվածությունից միայն քվեարկության արդյունքների ամփոփումից և նոր կառավարության ձևավորումից հետո: Ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը բավականին մեծ է: Այնուամենայնիվ, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար քանակի ձայներ չհավաքի, ապա Հայաստանում կարող է կոալիցիա կազմվել իշխող կուսակցության դեմ:

Հայաստանի Ազգային ժողով կուսակցությունների մուտքի շեմը չորս տոկոս է, դաշինքների համար`յոթ տոկոս։ Այսպես, թե այնպես, 26 կուսակցություն և դաշինք կմրցեն ձայների համար: Հայաստանում քարոզարշավը իսկապես եզակի է. դրանում ընդգրկված են երեք նախկին նախագահներ և երկրի ներկայիս ղեկավարը՝ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է: Երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը, կուսակցական ցուցակներում չկա, բայց նրա Հանրապետական կուսակցությունը մտել է «Պատիվ ունեմ» դաշինք, իսկ քաղաքական գործիչն ակտիվորեն քարոզչություն է իրականացնում:

Բայց իշխանության համար հիմնական պայքարը ծավալվելու է հենց Փաշինյանի և Քոչարյանի քաղաքական բլոկների միջև: Gallup International Association-ի հայաստանյան դուստր ձեռնարկության կողմից անցկացված վերջին հետազոտության արդյունքների համաձայն` հարցվածների 23,8 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Մարտին այս ցուցանիշը մոտ 30 տոկոս էր, բայց այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է: «Հայաստան» դաշինքը շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել, որի վարկանիշը գարնան սկզբից ի վեր աճել է ավելի քան 15 տոկոսով: Հարցվածների 24,1 տոկոսն արդեն պատրաստ է քվեարկել Քոչարյանի քաղաքական ուժի օգտին:

«Պատիվ ունեմ» դաշինքը (7,4 տոկոս)՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, հետ է մնում երկու քաղաքական ուժերից: Ըստ վերջին տվյալների՝ նորացված խորհրդարան մուտք գործելու հնարավորություն ունեն ևս երկու կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստանը» (3,7 տոկոս)՝ գործարար Գագիկ Ծառուկյանի, և «Լուսավոր Հայաստան» (3,1 տոկոս)՝ իրավապաշտպան Էդմոնդ Մարուքյանի գլխավորությամբ:

Հարցումները ցույց են տալիս, որ իսկապես ռիսկ կա, որ Փաշինյանը պարտվելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: 2018-ին իշխանության գալով թավշյա հեղափոխության արդյունքում, որը դատապարտում էր հետխորհրդային էլիտայի կոռուպցիան, նա անձամբ հայտնվել է հարձակման տակ՝ առաջացնելով հասարակության զայրույթը Լեռնային Ղարաբաղում պատերազմի պարտությունից և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներին հեռացնելու որոշումից հետո՝ մեղադրելով նրանց հեղաշրջում հրահրելու ցանկության մեջ։

Արդյունքում՝ Փաշինյանը ծայրաստիճան թուլացած է ընտրություններից առաջ, նրա քաղաքական կուրսը բացահայտ վիճարկվում է պետական ապարատի մի մասի, այդ թվում՝ բարձրագույն ռազմական օղակների կողմից:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետազոտող, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևի կարծիքով՝ Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները կշարունակեն աճել՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու: Միաժամանակ նա շեշտում է, որ Փաշինյանի հաղթանակն առավել նախընտրելի է Ադրբեջանի համար: «Պարզվել է, որ Փաշինյանը լավ է Ադրբեջանի համար, քանի որ նա իրավիճակը բերել է այն պատերազմի, որում Հայաստանը պարտվեց: Մյուս կողմից՝ նա արդեն որոշ չափով օգտագործված խաղաքարտ է Բաքվի համար: Դժվար կլինի նրանից մեկ այլ բան քամել»,- ասել է քաղաքագետը և հավելել, որ Փաշինյանի կայունությունն Ադրբեջանին առավել ձեռնտու է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համաձայնագրերի իրականացման առումով:

Փոփոխություններ սպասելով

Քոչարյանը, որը, ըստ հարցումների, հասարակության աջակցության հարցում արդեն առաջ է Փաշինյանից, ընդհակառակը, պնդում է, որ մի կողմից կոշտ, պրագմատիկ հարաբերություններ կկառուցեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ և կայուն քաղաքական դաշինք՝ Ռուսաստանի հետ։ Ինչպես նշել է ինքը՝ քաղաքական գործիչը, իր թիմի՝ իշխանության գալու հիմնական նպատակներից են երկրի անվտանգության ապահովումը, տնտեսության վերականգնումը և ներքաղաքական լարվածության չեզոքացումը:

Հետաքրքիր են Քոչարյանի վերջին հայտարարությունները: Նա կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է լուծի իր խնդիրները և քայլեր ձեռնարկի՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունը, այլ ոչ թե միայն օգնություն ակնկալի դաշնակիցներից: Այդ պատճառով քաղաքական գործիչը խոստացել է լուծել Հայաստանի զինված ուժերի մարտունակության հարցը: Ընտրարշավի ընթացքում նա հիշել է, որ 1992-ի օգոստոսին, հաշված ամիսների ընթացքում, կամավոր ստորաբաժանումներից հնարավոր եղավ կազմել կանոնավոր բանակ, որը դարձավ հաջողության բանալին: Գործող կառավարությունը, կարծում է Քոչարյանը, արել է հակառակը. այն վերադարձրել է 1992-ի սկիզբը, ինչը դարձավ Լեռնային Ղարաբաղի պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկը:

«Զենքի կորուստները լրացնելու համար կպահանջվի երեք տարի: Սրանք մեր ժամկետներն են»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծում է, որ գործող կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, մեղավոր է Ադրբեջանի հետ սահմանին ներկայիս սրման մեջ․ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել սահմանները ամրապնդելու համար, և այժմ, երբ Ադրբեջանը առաջ է շարժվել, «գոռում է ամբողջ աշխարհի վրա» և օգնություն է խնդրում: Միևնույն ժամանակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գրեթե բոլոր երկրները շատ ավելի լավ հարաբերություններ ունեն նրա անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ, քան Հայաստանի:

Իհարկե, այս իրավիճակը պահանջում է ներքին լուրջ բարեփոխումներ: «Իմ իշխանության գալու փաստն արդեն պտտելու է այս բոլոր անիվները: Ժամկետները բավականին սեղմ կլինեն, և հաջորդ օրը բոլորը կզգան, որ թափանիվը սկսել է շրջվել, վերականգնվել է վերահսկելիությունը»,- ասել է Քոչարյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: Նա համաձայն է, որ Ադրբեջանի հետ սահմանին նույն իրավիճակը պետք է լուծվի առաջին հերթին բանակցությունների միջոցով, բայց եթե Հայաստանը «իր ատամները ցույց չի տալիս թշնամուն», այսինքն՝ չի վերականգնում բանակի մարտունակությունը, այդ միջադեպի կարգավորումից հետո նման իրավիճակ կարող է առաջանալ նաև այլ սահմաններին:

Այսպես, թե այնպես Քոչարյանին հաջողվել է իր շուրջը համոզիչ քաղաքական թիմ հավաքել, որի կազմում են նրա վաղեմի գործընկերները և «Դաշնակցություն» կուսակցության՝ Հայաստանի ամենահին քաղաքական ուժի ներկայացուցիչները: Խաղադրույք է կատարվել պրոֆեսիոնալների և մենեջերների վրա, որոնք կարող են փոխել Հայաստանի զարգացման վեկտորը՝  թե՛ արտաքին, թե՛ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կառուցման հետ կապված, թե՛ ներքին՝ ուղղված Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և տնտեսության բարելավմանն ուղղված բարեփոխումներին:

Հետաքրքիր է, որ Քոչարյանն արդեն հայտարարել է վարչապետի պաշտոնակատարի պարտության դեպքում Փաշինյանի քաղաքական նախագիծը փակելու իրավական հնարավորությունների մասին: Քոչարյանը խոսել է ամերիկացի գործարար Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեության դեմ պայքարելու մտադրության մասին: Նա նշել է, որ կա երկու մոդել. «Կա՛մ արգելք, կա՛մ նրանք իրենց ճանաչում են որպես օտարերկրյա գործակալներ: Եթե նրանք պատրաստ են հանդես գալ որպես օտարերկրյա գործակալներ, նրանք խիստ հսկողության տակ կլինեն: Սա այն մոդելն է, որը կիրառվում է այլ երկրներում»:

«Մենք պարզապես կձևավորենք օրենսդրական դաշտը, որից հետո կլինեն կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք այդ կազմակերպության գործունեության համար»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի պատմության վերջին տասնամյակները իսկապես ողբերգական են ստացվել: Խորհրդային միության փլուզումից հետո ռազմավարական ուղին հեռու է հաջող լինելուց, չնայած հակառակ զգացումներին, որոնք երկրում տիրում էին 1994 թվականից՝ Ադրբեջանի դեմ տարած հաղթանակից հետո: Այս ամենն անցյալում է: Իր զարգացման ներկա շրջանում Հայաստանին անհրաժեշտ է, քաղաքական իմաստով, հույզերից անցնել ռազմավարական հաշվարկների:

Միանգամայն հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն հայոց պետականության նոր շրջանի սկիզբ: Ապագայում Հայաստանը կարող է վերականգնվել ռազմական պարտությունից, բայց միայն տնտեսական աճի և միջազգային ասպարեզում դաշնակցային կապերի հաստատման միջոցով, ինչը միակ միջոցն է Լեռնային Ղարաբաղի տարածքների կորստի դեմ: Այնուամենայնիվ, դրա համար անհրաժեշտ է քիչ հավատալ բարձր քաղաքական կարգախոսներին, ավելի քիչ խաղալ հույզերի հետ և սովորել նայել ինքն իրեն՝ առանց ինքնավստահության՝ բարեկեցության ամենավատ թշնամու:

Հայաստանում նախընտրական մրցավազքի վերջին օրերը ծավալվում են ամենաբարդ ներքին և միջազգային հակասությունների ֆոնին: Ընտրողները պարզապես կանգնած չեն այն հարցի առաջ, թե որ կուսակցությունը կգա իշխանության: Կարևոր է, որ հունիսի 20-ին հայերը ընտրեն առավել սուր խնդիրների լուծման ուղիները: Երկիրը կշարունակի՞ Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհը, ինչպես ցանկանում են Քոչարյանի կողմնակիցները, թե՞ կվերադառնա բազմավեկտոր քաղաքականությանը, որին հավատարիմ էր Փաշինյանը: Ի՞նչ հարաբերություններ կստեղծի Հայաստանը հարևանների, «ժառանգական թշնամիներ»՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Ընտրողներն իրենք կփորձեն պատասխանել այս և այլ ցավոտ հարցերի, նրանք այլ ելք չունեն, քան քվեարկել ու ընտրել երկրի զարգացման հետագա ուղին: Այլ տարբերակներ, ներառյալ՝ փողոցային իշխանափոխությունը, կարող են միայն սրել քաղաքական ճգնաժամը, և Հայաստանը տանել դեպի անդունդ: Ի վերջո, այս խորհրդարանական ընտրությունների իրական գինը, որոնք տեղի են ունենում Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար պահերից մեկում, պետության պահպանումն է: