|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Գալիս ենք այն համոզման, որ սա թուրք-ադրբեջանական օրակարգ է։ Բոլորս էլ լավ գիտենք, որ եկեղեցին հայի ինքնության պահպանման կարևոր պայմանն է, սփյուռքի և ՀՀ-ի կապող օղակը, իսկ դա նյարդայնացնում է թուրք-ադրբեջանական ուժերին։ Եթե տեսնենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ոչնչացնել այն, ինչ ազգային է, կհասկանանք՝ որտեղից է այս ամենը թելադրվում։ Այնպես որ՝ այս նախաձեռնությունը քաղաքական նպատակով չէ»,-«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա կարևորեց, թե ով է այսպես կոչված «եկեղեցու բարեփոխումն» իրականացնում․ «Նիկոլ Փաշինյանը, որն ուզում է եկեղեցին բարեփոխել, ի՞նչ որակներ ունի, արդյոք հենց այն ա՞նձն է։ Երբ նայում ենք նրա կենսագրությանը, հասկանում ենք, որ 32 տարեկանում է մկրտվել, իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել, և իր՝ այսպես ասած՝ պատարագներին մասնակցության նախանձախնդրությունը երբեք չի ցույց տվել մինչև «բարեփոխիչ» դառնալը։ Այս անձն իրո՞ք այն բարի հովիվն է, որն ուզում է եկեղեցին բարեփոխել, թե նա այն անձն է, որն ուզում է այդ պատրվակով ներս մտնել ու քանդել եկեղեցին»։
Ըստ Արա Զոհրաբյանի՝ այս արշավը իշխանությունները փորձում են ներկայացնել իբրև անձի դեմ ուղղված արշավ, սակայն դա այդպես չէ․ «Կաթողիկոսն իրականում զուտ օգտագործվում է մարդկանց մոլորեցնելու համար։ Կաթողիկոսն ի՞նչ կապ ուներ հայոց եկեղեցու պատմություն առարկան կրթական ծրագրից հանելու հետ, հոգևոր ծառայությունը լուծարելու հետ, քահանաներին հալածելու հետ։ Խնդիրն իրականում եկեղեցին է։ Իր պատվիրատուների նպատակը եկեղեցու մեջքը ջարդելն է։»։