Միասին կարող ենք
կարևոր
391 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 14:40
Հասարակություն

Եթե մեկ անգամ պետությունը սահմանն անցնում է, նրա համար էլ կարմիր գծեր չեն կարող լինել․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումները մեկնարկեցին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց․ «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ստեղծված ճգնաժամում խնդիրը միայն իշխանության հրահրումների, հակապետական գործողությունների, կամ թեմայի զգայուն դրսևորումների մասին չէ, այլ առաջին հերթին այն մասին է, թե որտեղ են ավարտվում պետության լիազորությունները, թե արդյոք մեր երկրում իրավունքը գործում է որպես սահմա՞ն, թե՝ որպես գործիք։ Սա վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանը»։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ եթե պետությունը կարող է կամայական միջամտել եկեղեցու ներքին գործերին, հայ առաքելական եկեղեցուն պաշտպանող դիրքորոշում արտահայտելու համար հոգևորականների է կալանավորում, ապա հասկանալի է, որ այն չունի զսպող հանգամանքներ՝ հատելու այն կարմիր գծերը, ինչը երկրին շատ ավելի է մոտեցնում անդառնալիության կետին․ «Եթե ընդունում ենք, որ պետությունը կարող է մեկ անգամ անցնել իր լիազորությունների սահմանը, վաղը կարող է նույն տրամաբանությունը կիրառվել մեկ այլ հաստատության, հանրային խմբի, մեկ այլ քաղաքացու նկատմամբ»։