|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.23 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.6646 |
| GBP | ⚊ | £ 501.72 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 14-ը ուշագրավ օր է Արմեն Գրիգորյանի ղեկավարած Ստեփանավան համայնքապետարանի գործունեության մեջ։ Նույն օրը կնքվել են երկու պայմանագրեր, որոնք, առաջին հայացքից, վերաբերում են նույն ծրագրին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման նախագծային գործընթացին, սակայն դրանց ֆինանսական հարաբերակցությունը հարցեր է առաջացնում։
Մասնավորապես՝
• նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար ծախսվել է 259,999 դրամ,
• նույն փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայության համար՝ 600,000 դրամ։
Թվերի համադրությունը ենթադրում է ակնհայտ անհամաչափություն. խորհրդատվությունը գնահատվել է ավելի քան կրկնակի թանկ, քան փորձաքննությունը, որը, մասնագիտական տեսանկյունից, հաճախ ենթադրում է ոչ պակաս բարդ և պատասխանատու աշխատանք։
Հատկանշական է, որ երկու ծառայություններն էլ վերաբերում են նույն ենթակառուցվածքային նախագծին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգմանը, ինչը ենթադրում է միասնական տեխնիկական շղթա։ Այդ պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչ մեթոդաբանությամբ կամ հիմնավորմամբ է խորհրդատվական բաղադրիչը արժևորվել զգալիորեն բարձր։
Թափանցիկության և հանրային միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից կարևոր է հասկանալ՝ արդյոք իրականացվել է շուկայական համեմատական ուսումնասիրություն, կան արդյոք մրցակցային առաջարկներ, և ինչ կոնկրետ ծավալի աշխատանք է ներառել 600 հազար դրամ արժողությամբ խորհրդատվությունը։



Համայնքային կառավարման արդյունավետության առանցքային սկզբունքներից մեկը համաչափ և հիմնավորված ծախսային քաղաքականությունն է։ Երբ նույն ծրագրի շրջանակում ծառայությունների արժեքների միջև առաջանում է նման տարբերություն, հանրային վերահսկողությունն ու պարզաբանումների անհրաժեշտությունը դառնում են ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական պահանջ։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է՝ համայնքային բյուջեի յուրաքանչյուր դրամի օգտագործումը պետք է լինի ոչ միայն օրինական, այլ նաև հիմնավորված, բաց և հասկանալի հանրության համար»։