Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը մի հոդված է հրապարակել ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, որտեղ, հղում կատարելով դրա նախօրեին ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աղմուկ հանած հարցազրույցին, նշում է, թե Հայաստանը կասեցնում է բանացկային գործընթացը վերականգնելու Մոսկվայի նախաձեռնությունը։ Իբրև փաստարկ՝ բերվում է հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն անիմաստ համարելու մասին Սարգսյանի հայտարարությունը, ինչպես նաև այն պնդումը, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չէր կարող կարգավորման առաջարկություններ ներկայացնել պատերազմից անմիջապես հետո։ Թերթը ՀՀ նախագահի այս պնդումը հակադրում է Լավրովի այցից առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արած հայտարարությանը, թե իր ղեկավարը երբեք որևէ տեղ «դատարկ ձեռքերով» չի գնում։ «Կոմերսանտը», ինչպես հայտնի է, նման թեմայով երբեք որևէ պատահական հոդված չի գրում։ Նրա այս հոդվածը զարգացնում է այն թեզը, թե Երևանն է անհարմար դրության մեջ դնում իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին և որ հենց Երևանն է մեղավոր ԼՂ հարցով բանակցությունների բացակայության կամ ձախողման համար։
Ուշագրավ է, որ թերթը որևէ ակնարկ չի արել Երևանում Լավրովի արած հայտարարությունների մասին։ Հիշեցնենք, որ վերջինս թե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և թե նախագահ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ հստակ հայտարարել էր, որ ներկա պահին առաջնայինը 1994 և 1995թթ․ հրադադարի եռակողմ և անժամկետ համաձայնագրերին վերադառնալն է: Բացի դրանից, Լավրովը հրատապ էր համարել նաև շփման գծում հրադադարի պահպանման, դիպուկահարների հետքաշման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որոնց շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս 2011թ․ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ՌԴ նախագահի միջնորդությամբ։ Հոդվածում այս փաստի շրջանցումը բացահայտում է, որ Լավրովն իսկապես Երևան էր եկել հայկական կողմից իր առաջարկած որոշակի լուծումների կամ առաջարկների կապակցությամբ բացառապես համաձայնություն ստանալու ակնկալիքով և որ հրադադարին վերադառնալու մասին նրա պնդումները պարզապես Երևանից ուղղակի թե անուղղակի մերժվելու իրողությունը թաքցնելու նպատակ էր հետապնդում, ոչ թե կրակի դադարեցման։ Դրա մասին է վկայում ևս երկու փաստ։
Նախ՝ ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ չափազանց ուշագրավ, բայց նաև մտահոգիչ մի հայտարարությամբ, որը, Երևանում ուղևորատար ավտոբուսի պայթյունի շուրջ առաջացած աղմուկի մեջ պարզապես անտեսվեց։ Այդ հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանը դեռևս ապրիլի 14-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում և ԱԽ-ում շրջանառության մեջ է դրել մի նամակ, որով փորձում է չեղարկել 1994 և 1995թթ․ անժամկետ հրադադարի հաստատման համաձայնագրերը։ Ադրբեջանն այս նախաձեռնությամբ փորձում է լեգիտիմացնել ԼՂ հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու իր նպատակները և ստանալ ՄԱԿ-ի համաձայնությունը։ Ապրիլի 20-ին, Լավրովի Երևան կատարելիք այցի նախօրեին լրիվ անակնկալ կերպով ՌԴ ԱԳՆ-ն հադես եկավ այդ համաձայնագրերը պահպանելու մասին հայտարարությամբ։ Հիմա արդեն պարզ է, որ համաձայնագրերի շրջանակում մնալու Լավրովի երևանյան հայտարարությունն ուղղված էր ոչ թե կարգավորման բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելուն, այլ Ադրբեջանի այս սադրիչ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը, Մոսկվայի միջնորդական ջանքերն իմաստազրկող նախաձեռնությունը թույլ չտալուն։ Ահա թե ինչու ապրիլի 7-ին Բաքու այցելության ժամանակ Լավրովը ոչ թե հրադադարի մասին խոսեց, այլ արդեն պատրաստի կարգավորման լուծումների։ Եթե Մոսկվայի նպատակը կրակի դադարեցումը լիներ, ապա 22 ամյա վաղեմության համաձայնագրերը հարգելու անհրաժեշտությունը Լավրովը պետք է առաջինը բարձրացներ հենց Ալիևի առաջ, ինչը, սակայն նա չարեց։
Երկրորդ՝ Լավրովը, Երևանում Երևանի և Բաքվի միջև փոխվստահության վերականգնման մասին խոսելիս, հղում կատարեց միայն շփման գծում հրադադարի պահպանման, դիպուկահարների հետքաշման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու շուրջ 2011թ․ռուսական միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։ Մինչդեռ, շփման գծում խաղաղություն հաստատելու շատ ավելի համապարփակ այլ առաջարկություններ եւս հնչել են այս ընթացքում ՄԽ մյուս համանախագահների կողմից, որոք պաշտոնապես եւս մերժել են Բաքվի կողմից։ Հարց է առաջանում՝ եթե Մոսկվայի իրական նպատակը ոչ թե Հայաստանից ինչ-որ համաձայնություններ ստանալն չէր, այլ իսկապես հրադադարի ռեժիմը վերականգնելը, ապա ինչո՞ւ էր այդ նախաձեռնությանն ընդառաջելու փոխարեն Լավրովը շարունակում պնդել մոռացության փոշու տակ խամրած այդ ռուսական համաձայնություններին։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Երևանին ներկայումս իրեն փաստի առջև կանգնեցնելու մեջ մեղադրող Մոսկվան այդպես էլ որևէ ծպտուն չհանեց այն մասին, թե ո՞վ է եղել ապրիլի 2-ից սկսված և փաստացի առ այսօր շարունակվող պատերազմի սանձազերծողը, նախահարձակ կողմը։ Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ հրաժարվելով ադրբեջանական զինուժի գործողություններին գնահատական տալուց, Մոսկվան ցանկանում է ազատ պահել Բաքվի ձեռքերը՝ անհրաժեշտության դեպքում ԼՂ-ի դեմ նոր ռազմական օպերացիա ձեռնարկելու համար և այդ գործոնը որպես Սերժ Սարգսյանի վրա ճնշում գործադրելու միջոց է ծառայեցվում։
Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ Երևանը գլխովին խառնել է Մոսկվայի պլանները։ Սկզբում դա արեցին հայկական բանակի 18-20 տարեկան հերոսներն իրենց անձնազոհությամբ ու անգնահատելի սխրանքով, երբ ձախողեցին ադրբեջանական ներխուժումը ԼՂՀ, ապա՝ նաև Սերժ Սարգսյանը, ով Երևանում ուղղակի հարց ուղղեց Լավրովին՝ ինչու տեղի ունեցավ այդ հարձակումը։
Ամենայն հավանականությամբ Մոսկվայում բացարձակապես չէին սպասում, որ Սերժ Սարգսյանը կընտրի «վա բանկ» գնալու և իրենց հակադրվելու ճանապարհը, ինչը լիովին հասկանալի ընտրություն էր։ Մոսկվան ի սկզբանե նրանից պահանջում էր անլուծելի մի բան, որի հետ կապված ցանկացած որոշում Սերժ Սարգսյանին տանում էր անցանկալի հետևանքների։ Առաջրկներին համաձայնումը լինելու էր նրա քաղաքական մահվան դատավճիռը, իսկ չհամաձայնելը՝ պատերազմի սպառնալիքի իրագործման։ Եվ այդ երկընտրանքում նախագահն ընտրեց, թերևս, արժանապատիվ պատերազմի, քան ամոթալի ինքնահանձման տարբերակը։ Առավելևս, որ անգամ այդ ինքնահանձնումը խաղաղության հաստատման երաշխիք չէր կարող լինել։ Եթե բանը հասել է դաշնակից երկրի շահերի զոհաբերմանը՝ հանուն սեփական կայեսրական շահերի, ապա նույն զենքով պետք է պատասխանել նաև նման դաշնակցին։ Հիմա Երևանը Մոսկվայի նետած բումերանգն է ետ վերադարձնում՝ թե բանակցություններից հրաժարվելու մասին հստակ հայտարարություններով, քանի դեռ Ադրբեջանի սանձերը չեն ձգել և թե ԼՂ-ում ադրբեջանական առաջապահ ուժերի գլխին իսկական կրակ թափելով։ Երևանի ուղերձը շատ պարզ է․ մենք կատարել ենք մեր ընտրությունը և պատերազմից չենք խուսափելու՝ անկախ դրա հետևանքներց․ կողմնորոշվիր վերջապես, Մոսկվա՛. գնդակը քո դաշտում է։
Գևորգ Դարբինյան