Միասին կարող ենք
կարևոր
712 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 14:44
Աշխարհ

Կալասը «տագնապալի ազդակ» է համարում ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի հայտարարությունը

Կալասը «տագնապալի ազդակ» է համարում ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի հայտարարությունը

Եվրոպական միությունը պետք է ամրապնդի իր սեփական պաշտպանությունը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մեզ անհրաժեշտ է իրական արտադրություն, և մենք պետք է ամրապնդենք մեր սեփական պաշտպանությունը։ Իհարկե, ոչ ոք չի կարող փոխարինել ամերիկացիներին, քանի որ ՆԱՏՕ-ն կառուցված է դաշնակցային հարաբերությունների վրա», – ասել է Կալասը էստոնական ERR հեռուստառադիոհեռարձակողին տված հարցազրույցում։

Նա ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների հնարավոր դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները համարել է «տագնապալի ազդակ»։ «Սա շատ դժվար իրավիճակ է, որովհետև նախագահի խոսքը, անպայմանորեն, կշիռ ունի և ցույց է տալիս, թե ինչպես է նա մտածում։ Քանի որ ԱՄՆ-ի նախագահը շատ մեծ ազդեցություն ունի, դա, անկասկած, տագնապալի ազդակ է», – նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ «չի կարելի հիմնավորված համարել Թրամփի այն մեղադրանքները, թե ՆԱՏՕ-ն օգնության չի եկել Իրանի դեմ ռազմական գործողություններում: «Որքան ինձ հայտնի է, ՆԱՏՕ-ին ուղղված որևէ դիմում չի եղել», – հայտարարել է Կալասը։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է շարունակի ջանքեր գործադրել ինչպես պաշտպանական ներդրումների, այնպես էլ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցում։

Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր դաշնակիցներին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման միջոցներին մասնակցելուց հրաժարվելու համար։