կարևոր
2380 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-24 17:38
Քաղաքական

Անցումային արդարադատության միջազգային չափանիշները պետք է արտացոլվեն ցանկացած համաձայնագրում․ ՄԱԿ-ի զեկուցողը խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին

Անցումային արդարադատության միջազգային չափանիշները պետք է արտացոլվեն ցանկացած համաձայնագրում․ ՄԱԿ-ի զեկուցողը խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին

ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին իր համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության կողմից նրանց օգնելու պատրաստակամությունն ու հանձնառությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրեց, որ իր այցը Հայաստան համընկել է հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանման հետ։

Սալվիոլին հանդիպել է բռնի տեղահանվածներին և ծանոթացել տարբեր համայնքներում նրանց ընդունման գործընթացին։ Անմիջական զրույցներում նա զգացել է նրանց ցավն ու խոսել հրատապ խնդիրների մասին։ Ականատեսն է եղել իշխանության կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, որոնք միտված են բռնի տեղահանվածների հիմնական կարիքները լուծելուն։

«Փախստականներին մատուցվում են բոլոր առաջնահերթ ծառայությունները՝ բնակարանային, կենցաղային, առողջապահական։ Այդուհանդերձ, ժամանակի հետ փախստականների խնդիրը կդառնա ավելի տարողունակ։ Անհրաժեշտ են միջնաժամկետ միջոցառումներ՝ միջազգային հանրության աջակցությամբ, ինչն արդեն արվում է։ Պետք է դյուրացվեն մարդկանց գրանցման մեխանիզմները։ Նրանք պետք է օգտվեն աշխատանքային և այլ հնարավորություններից՝ անկախ իրենց կարգավիճակից, և հետագայում նույնպես չպետք է բախվեն խոչընդոտների։ Բացի էական կարիքներից, փախստականները նշել են նաև Լեռնային Ղարաբաղում գրանցված ու այնտեղ մնացած փաստաթղթերի պահպանման և հասանելիության ապահովման, ինչպես նաև այդ տարածքներում իրենց հարազատների շիրիմների ու մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին»,- ասաց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Սալվիոլին կոչ արեց հակամարտության կողմերին շարունակել խաղաղ բանակցային գործընթացը և դրա հետ առնչություն ունեցող միջազգային հանրության ներկայացուցիչներին հորդորեց դիտարկել Լեռնային Ղարաբաղի հայության նյութական և ոչ նյութական ժառանգությունը պահպանելու մեխանիզմների ստեղծման հարցը, որոնք հնարավորություն կտան նաև վերականգնել արդարությունը, ապահովել հակամարտությունից տուժածների, ռազմագերիների ու տեղահանվածների վերադարձն իրենց բնակավայրերը, ինչպես նաև սահմանել համապատասխան փոխհատուցում։

«Նման մեխանիզմները պետք է ստեղծվեն միջազգային հանրության հովանու ներքո՝ ապահովելով անաչառություն և վստահելիություն, ինչպես նաև կանխելով բռնությունների կրկնությունը։ Անցումային արդարադատության միջազգային չափանիշները պետք է արտացոլվեն հետագա ցանկացած համաձայնագրում»,-եզրափակեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։