կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-08 21:35
Հասարակություն

Դադարեցրե՛ք մեր Մայր Եկեղեցու դեմ բռնաճնշումները․ վիրահայ հասարակական գործչի ուղերձը Թբիլիսիից

Դադարեցրե՛ք մեր Մայր Եկեղեցու դեմ բռնաճնշումները․ վիրահայ հասարակական գործչի ուղերձը Թբիլիսիից

Վրաստանի մայրաքաղաքում այսօր կրկին հանրահավաք է անցկացվել, որի  ժամանակ մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին ու Մայր Աթոռին։ Թբիլիսահայ հասարակական գործիչ, մտավորական Լևոն Չիդիլյանը տեսաուղերձով դիմել է ՀՀ իշխանությանն ու կոչ արել դադարեցնել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումները։

««Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը մի քանի ամիս առաջ կազմակերպել էր նմանատիպ երթ ՀՀ դեսպանատան դիմաց՝ որպես բողոքի նշան Եկեղեցու դեմ բռնաճնշումների, և այսօր էլ հավաքվելով մենք մեր հստակ խոսքն ասացինք: Սա առաջին քայլն է մեր հետագա քայլերի, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը խախտում է բոլոր նորմերը, սկսած ՀՀ Սահմանադրության տասնյակ կետերից՝ ավարտված Եվրոպական և ՄԱԿ-ի տասնյակ կետերով։ Խնդրում  և պահանջում ենք, որպեսզի դադարեցնեն մեր Մայր Եկեղեցու դեմ բռնաճնշումները։ Մենք ուրիշ Եկեղեցի չունենք, մենք չունենք նաև ուրիշ Մայր Հայրենիք, և ես ցավում եմ,  նույնիսկ չէի կարող ամենավատ երազում անգամ պատկերացնել, գալու է մի օր, որ իմ ամբողջ գիտակից կյանքս հայապահպանությամբ եմ զբաղվել, պաշտպանեմ իմ Մայր Եկեղեցին՝  իմ Մայր Հայրենիքի իշխանությունների բռնաճնշումներից»,-խոսքն ավարտում է Լևոն Չիդիլյանը։