|
Փոխարժեքներ
19 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հայ Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը։ Գրում է թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։
«1903թ հունիսի 12-ին Ռուսական կայսրությունը հրապարակեց «Հայ Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք», որը բացառապես նպատակ ուներ զրկել մեր Եկեղեցին ինքնավարությունից և նյութական անկախությունից, սակայն մամուլում այդ գործողությունները ներկայացվում էին որպես բարեփոխում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ռուսական կայսրությունում կրոնական միակ կազմակերպությունն էր, որն ուներ ընտրված եւ կառավարությունից փաստացի անկախ ղեկավար՝ ի դեմս Հայոց Կաթողիկոսի: Այն նաև միակ Եկեղեցին էր, որը նյութական առումով անկախ էր կայսրությունից:
Հայոց Կաթողիկոսի անկախ գործունեությունը լուրջ մտահոգության տեղիք տվեց: Կայսերական գործիչները՝ ի դեմս Կովկասի կառավարչապետ Գրիգորի Գոլիցինի, ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլևեի, սկսեցին միջոցներ փնտրել կաթողիկոսի իշխանությունը, Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու համար:
Հայոց Եկեղեցին հունիսի12-ի օրենքով, փաստորեն, զրկվեց ինքնուրույն գոյատևման տնտեսական հիմքից: Այս օրենքը նախ և առաջ պատժամիջոց էր հայ ժողովրդի նկատմամբ, որի միակ պաշտոնական ներկայացուցիչը Եկեղեցին էր: Հայոց Եկեղեցին կորցնելու էր իր հատուկ կարգավիճակը՝ վերածվելով Ռուսական կայսրությունում հայերի տեղական հոգեւոր կենտրոնի, իսկ Կաթողիկոսը զրկվելու էր ազգային ու քաղաքական ներկայացուցչությունից (իմ համոզմամբ, այսօրվա բռնաճնշումների գլխավոր նպատակներից մեկը):
1903թ. Հունիսի 12-ի օրենքն ամբողջացնում էր ռուսական կառավարության գաղութատիրական նկրտումները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, օգոստոսի 4-ին Ս. Էջմիածնի Սինոդին հրամայում է չկատարել օրենքը:
Այս քայլով փաստորեն Հայոց կաթողիկոսը բացահայտ հակադրվեց Ռուսական կայսրության գաղութատիրական քաղաքականությանը:
Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Բաքվում, Կարսում և այլ վայրերում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։
1903թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները Թիֆլիսի մոտակայքում, Կոջորի խճուղիում մահափորձ կատարեցին և ծանր վիրավորեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինին: Դաշնակցականների կողմից ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ:
Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի մեծ ձգտում ցուցաբերեց դեպի իր Մայր Եկեղեցին, ազգային մշակույթն ու մայրենի լեզուն։
Համաժողովրդական բուռն պայքարի արդյունքում ցարիզմն ստիպված էր նահանջել։ 1905թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։
Մեր Մայր Եկեղեցու դեմ այսօր նույնպես կատարվում է բռնաճնշումներ, բայց մի մեծ տարբերությամբ, 1903 թվականին բռնաճնշումները ղեկավարում և իրականացնում էին ցարական պաշտոնյաները, իսկ այսօր ՀՀ վարչապետը և Մայր Եկեղեցու Սրբալույս Մյուռոնով օծված տիրադավ հոգևորականները:
1903 թվականին Գ. Գոլիցինը բռնաճնշումները անվանում էր բարեփոխում...30 տարի անց, նաև կոմունիստները կանվանեն Մեր Մայր Եկեղեցու ոչնչացումը՝ բարեփոխում...և խեղդամահ կանեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին...»։