կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 15:10
Հասարակություն

Սիրուն բաներ եք ասում, բայց մեր քաղաքացիները նախընտրում են թռչել ոչ թե «Զվարթնոց»-ից, այլ 300 կմ հեռու գտնվող Թբիլիսիից

Սիրուն բաներ եք ասում, բայց մեր քաղաքացիները նախընտրում են թռչել ոչ թե «Զվարթնոց»-ից, այլ 300 կմ հեռու գտնվող Թբիլիսիից

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագիծը էկոնոմիկայի նախարարության մասով: Զեկուցում էր էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նրան հարց ուղղեց նիստը վարող՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Շատ սիրուն բաներ եք ասում, բայց մեր քաղաքացիները նախընտրում են թռչել ոչ թե «Զվարթնոց»-ից, այլ 300 կմ հեռու գտնվող Թբիլիսիից, դա անառարկելի փաստ է: Արտոնություններով լի ծրագրեր եք ընդունում, բայց դրանք պետք է նպաստեն տնտեսական աճին, տնտեսության զարգացմանը, ստեղծեն նախադրյալներ ներդրումների համար: Բբայց եթե այդ ամենը չի լինում, ուրեմն ինչ- որ բան այնպես չէ»,- ասաց նա:

Այվազյանը նաև հարցրեց, թե, օրինակ, շահութահարկի գծով արտոնություններից մեկ կազմակերպություն օգտված կա՞, թե՞ ոչ: Պատգամավորը հավելեց. «Մեր դեսպանություններն ունեն ներկայացուցչություններ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, ներդրումների ծավալին նրանք նպաստո՞ւմ են, թե՞ ոչ: Արդյո՞ք ունեք հետադարձ կապ, թե որքան ՓՄՁ օգտվեց արտոնյալ ծրագրերից, խորհրդատվությունից, և դա ի՞նչ ազդեցություն ունեցավ, արդյունք տվե՞ց, թե՞ ոչ: Զբոսաշրջության մասով՝ 2015-ին զբոսաշրջությունը, բնականաբար, պետք է աճեր, որովհետև համայն հայությունը հիշում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, բայց եթե համեմատում ենք, մենք մեր կողքի երկրներին զբոսաշրջության ոլորտում զիջում ենք, մեղմ ասած, հինգ անգամ: Ի՞նչն ենք մենք քիչ անում, սաղովս մի բան անենք, որ այդ «տուրիզմ» ասվածը, որը համակարգաստեղծ ոլորտ է, կայանա ու աճ ունենա»:

Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ նախանշված են տարեկան ցուցանիշներ, որ պետք է բարելավել աշխատանքները, որպեսզի ֆինանսական հոսքերն ակտիվանան, և դրանում երկրորդ կարծիք չի կարող լինել: «Հարևան երկրները, այո, գերազանցում են զբոսաշրջիկների թվի առումով, բայց եթե նայում ենք, թե ինչ ռեսուրս է դրվում, և արդյունքը որքան է, կարծում եմ, որ տոկոսային առումով մենք չենք զիջում»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ 2018-ի համար նախարարությունը կանխատեսում է ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշռի բարձրացում մինչև 40 տոկոս, ՓՄՁ թվաքանակի ավելացում՝ նվազագույնը 5 տոկոսով, և այլն: «Այդ ամենը ամրագրելու ենք փաստաթղթերում, երեք տարի հետո կարող ենք ավելի առարկայական ներկայացնել ու վերլուծություն անել»,- ասաց Էմիլ Տարասյանը:

Վարդան Այվազյանը արձագանքեց. «Մի հատ թվերով ասեիք, էլի, ուղղակի ներդրումների ծավալների չափը, որովհետև էսքան արտոնություններ ենք տալիս, բյուջեից ծախսեր են արվում այդ ուղղությամբ»:

Փոխնախարարը նշեց, որ վիճակագրական ծառայության տվյալները ստանալուց հետո անմիջապես կհրապարակեն դրանք: «Իմ ձեռքի տակ է 2014թ. գնահատականը՝ 7,7 տոկոս ուղղակի ներդրումների աճ ՀՆԱ-ի նկատմամբ»,- ասաց նա:

Փոխնախարարի այս հայտարարությունը շատ զարմացրեց Վարդան Այվազյանին ու Խոսրով Հարությւոնյանի: «770 միլիոն դրամ ուղղակի ներդրումնե՞րը, ուրեմն ՀՆԱ-ն է ուրիշ թիվ»,- ասաց Վարդան Այվազյանը:

Էմիլ Տարասյանը նշեց, որ ավելի լավ է գրավոր պատասխանի այդ հարցերին: