կարևոր
883 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 15:38
Հասարակություն

Ցմահ դատապարտվածների փոխանցում՝ առանց պատժի շարունակության երաշխիքի․ «Հետք»

Ցմահ դատապարտվածների փոխանցում՝ առանց պատժի շարունակության երաշխիքի․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Արդարադատության նախարարությունը չի պատասխանել «Հետք»-ի հարցին, թե Նախարարությունն ի՞նչ երաշխիք է ստացել, որ սիրիացի երկու վարձկաններին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետությանը՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։

Պատժի մնացած մասն իրենց երկրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քրեակատարողական հիմնարկում կրելու խնդրանքով դիմել են Հայաստանում ցմահ դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին: Դրանից հետո Արդարադատության նախարարությունն իրականացրել է փաստերի և հանգամանքների ուսումնասիրություն: Արդյունքում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից կայացվել է դատապարտյալների փոխանցումը բավարարելու որոշում:

Արդարադատության նախարարությունը 2026թ. հունվարի 14-ին հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման հարցը կարգավորվել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝ դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև փոխադարձության հիման վրա:

«Դատապարտյալների փոխանցումն արգելող հանգամանքների բացակայությամբ պայմանավորված՝ իրականացվել է վերջիններիս փոխանցումը Սիրիայի Արաբական Հանրապետություն»,- հայտնել են Արդարադատության նախարարությունից:

Պատժի կրման երաշխիքների մասին որև հիշատակում չկա նախարարության պատասխանում: Սա պատահական չէ, քանի որ տարիներ առաջ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին հանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին՝ դարձյալ պատժի կրումը շարունակելու համար, սակայն երկիր մուտք գործելուց հետո Սաֆարովը հերոսացվեց և ազատվեց պատժի կրումից:

Հիշեցնենք՝ վարձկանության և պատերազմական այլ հանցագործությունների մեջ մեղադրվող, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ 2021թ. մայիսին դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին: Նրա գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձանց մահ կամ ծանր մարմնական վնաս պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իր բնույթով և էությամբ հանդիսացել է բնակչությանն ահաբեկելը՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։

Ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Համշա մակնվամբ Մուհամմադ ալ-Ջասիմը, նախապես հավաքագրված լինելով Թուրքիայի Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից, նրանցից ակնհայտ ապօրինի հրահանգ է ստացել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ նախապատրաստվող պատերազմին որպես վարձկաններ մասնակցելու նպատակով հավաքագրել Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող անձանց:

Մուհամմադ ալ-Ջասիմին Սիրայի Արաբական Հանրապետության տարածքում տարբեր անձանց միջոցով սկսել է հավաքագրել նյութապես ծանր վիճակի մեջ գտնվող անձանց: Առաջարկել է համապատասխան զորավարժություններ անցնելուց հետո մեկնել Ադրբեջան՝ ամսական 2000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ պլանավորված ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Ըստ մեղադրանքի՝ «Աբու Հուսեյն 23» անունով անձի առաջարկությունն ընդունելուց հետո, 2020 թվականի հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ի թիվս այլ վարձկանների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Շեյհ Հադիդ գյուղ, որտեղ երեք ամիս տևողությամբ շուրջ 500 վարձկանների հետ միասին մասնակցել է ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության դասընթացներին:

2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի կողմից Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին և խմբավորման մյուս՝ ընդհանուր 250 անդամներին, հրաման է տրվել պատրաստվել ռազմական գործողության, այն է՝ հարձակվել հայկական գյուղի վրա, գրավել դրանք, իսկ տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին սպանել, գլխատել, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով իրականացնել հրկիզումներ և պայթյուններ։

Ըստ քրեական գործի՝  մյուս մեղադրյալին՝ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին  ռազմական գործողություններին մասնակցելու առաջարկությունն արել է Սիրիայի Արաբական Հանրապետության Իդլեբ նահանգի Ջըսըր ալ-Շղուր քաղաքի Սահան գյուղի բնակիչ՝ Աբու Ահմադ մականվամբ Իբրահիմ Ռաբ Ալ Այալը։

Թվով 150 վարձկանների հետ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին, փաստացի մասնակցելով ռազմական գործողություններին և սկսելով հարձակումը, իր դիտավորյալ գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2020թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Սյունքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում, հանդիպելով ՀՀ զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել է և հանձնվել իրավապահ մարմիններին»։