կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-16 19:25
Հասարակություն

Հայ ուսանողությունն ի գործ հանուն Մայր Հայրենիքի և նրա շարունակության՝ Սփյուռքի

Հայ ուսանողությունն ի գործ հանուն Մայր Հայրենիքի և նրա շարունակության՝ Սփյուռքի

Մայիսի 15-ին տեղի ունեցավ համահայկական ուսանողական առցանց խորհրդաժողով՝  «Հայ ուսանողությունը՝ ազգային վերածննդի առաջամարտիկ» խորագրով, ուր աշխարհի 25 երկրների ուսանողական միության անդամներ, անհատ ուսանողներ հավաքվել էին քննարկելու հայրենիքի համար այս դժվարին իրավիճակում և աշխարհասփյուռ հայության համար օրակարգային հարցերում իրենց անելիքները՝ հստակեցնելով համատեղ իրականացվելիք ծրագրեր։

Խորհրդաժողովին, ուր հյուրաբար ներկա էին Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսրորադասախոսական կազմը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը, Սփյուռքի ազգային կառույցների ներկայացուցիչներ, բացման խոսքով ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ողջունեց և հաջողություն մաղթեց ուսանողներին՝ գնահատելով նրանց ազգանպաստ և կարևոր այս նախաձեռնությունը, ապա աշխարհասփյուռ հայ ուսանողներին օրհնանքի խոսք հղեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքի Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Պարոյր Վրդապետ Շէրնէզեանը, ով փոխանցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնանքը և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ, հոգեշնորհ տեր Տիրան աբեղա Հակոբյանը։ Ուսանողները շնորհակալությամբ նշեցին, որ հայոց պատմության ընթացքում Հայ Եկեղեցին, գերակա առաքելությու ունենալով հայի ինքնության անաղարտ պահպանումը, մշտապես կանգնած է եղել պետության ու ժողովրդի կողքին, այսօր նաև իրենց` ուսանողության կողքին։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը գնահատեց ուսանողության այս քայլը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Խորհրդաժողովը կարևորեց ուսանողության դերը Արցախյան հետպատերազմյան առկա ծանր իրադրությունում, Սփյուռքում մարտահրավերները դիմագրավելու գործում, արժևորեցին Հայրենիք-Սփյուռք կապերը, որում էլ ուսանողության դերը, հաստատեցին իրենց ներուժի ներդրումը հայոց երկու պետությունների զարգացման ու հզորացման գործում։

Ուսանողները շնորհակալությամբ գնահատեցին ԵՊՀ համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնի դասախոսական կազմի աջակցությունն ու քաջալերանքը՝ հանուն Մայր Հայրենիքի, Արցախի ու Սփյուռքի իրենց պատասխանատու քայլին։

Այս ամենի իրագործման համար, որպես առաջին քայլ, հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայ ուսանողության հետագա համագործակցությունը ապահովելու նպատակով, ձևավորեցին համահայկական ուսանողական առցանց հարթակ և հանդես եկան հայտարարությամբ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

15.05.2021 Թ.

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ձևավորված ծանր իրադրությունը,

ՇԵՇՏԱԴՐԵԼՈՎ այդ պայմաններում հայության բոլոր խմբերի պատասխանատվությունը Հայաստանի և Արցախի հանրապետությունների ապագայի և սերունդների առաջ,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ հայապահպանության մարտահրավերները սփյուռքում և դրանց դիմակայելու անհրաժեշտությունը,

ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ Հայրենիք-Սփյուռք կապերի դերը հայկական երկու պետությունների զարգացման և հզորացման գործում,

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ այսօր հայության բոլոր խմբերը պարտավոր են հստակեցնել իրենց անելիքը՝ ի շահ մեր հայրենիքի ու ժողովրդի,

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ուսանողության՝ որպես առաջմղիչ ուժի կարևոր դերը համազգային օրակարգ մշակելու և կենսագործելու հարցում,

ՀԱՅՏՆԵԼՈՎ մեր պատրաստակամությունը՝ առավելագույնս օգտակար լինելու մեր վտանգված հայրենիքին ու ժողովրդին՝

ՄԵՆՔ՝

2021 թվականի մայիսի 15-ին 25 պետությունների հայ ուսանողների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՍ,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

Մենք ամենայն խորությամբ ընկալում ենք մեր պատասխանատվությունը ներկա դժվարին պայմաններում և պատրաստակամ ենք միավորել մեր ջանքերը՝ Հայաստանի ու Արցախի հանրապետություններին աջակցելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ:

Գիտակցում ենք, որ հայ ուսանողությունն իր ներուժով ընդունակ է էական ազդեցություն ունենալու մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ սանձազերծված հետպատերազմյան տեղեկատվական պայքարում՝ սատար կանգնելով մեր ժողովրդի արդար դատին:

Համոզված ենք, որ հայ ուսանողությունը ընդունակ է աջակցելու հայապահպանության մարտահրավերների չեզոքացմանը և համատեղ ծրագրերի իրականացմամբ նպաստելու հայ ինքնության ամրապնդմանն ու արժևորմանը գլոբալիզացիայի դարաշրջանում:

Մենք հավատարիմ ենք մեր հազարավոր անմահացած եղբայրների հիշատակին և ամենուր՝ Հայրենիքում թե Սփյուռքում, պայքարելու ենք Արցախի հանրապետության անկախ գոյությունը պաշտպանելու և սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար:

Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում մեր վտանգված հայրենիքն ու ինքնությունն են լինելու, որոնց մենք պաշտպանելու ենք համատեղ ծրագրեր կազմելով և իրագործելով:

Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում հայրենադարձությունը մեծագույն անհրաժեշտություն է Սփյուռքի և Մայր Հայրենիքի համար, ուստի մեր խնդիրն է լինելու հայրենադարձությանը և ազգահավաքին նպաստելը:

Մենք ամենուր մեր համագործակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայության իրավունքների պաշտպանության համար:

Մենք՝ հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայ ուսանողության ներկայացուցիչներս, աջակցելու ենք Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը՝ որպես Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հզորացման և Սփյուռքում հայապահպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ գրավական: