կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 22:32
Հասարակություն

Հայաստանում սեփական բնակչության կարիքների համար արտադրվող պարենն ընդամենը կես տարի է բավարարում․ փորձագետ

Հայաստանում սեփական բնակչության կարիքների համար արտադրվող պարենն ընդամենը կես տարի է բավարարում․ փորձագետ

Հայաստանում սեփական բնակչության կարիքների համար արտադրվող պարենն ընդամենը կես տարի է բավարարում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուտնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա պարզաբանեց, որ պարենային ապրանքների ինքնապահովման մակարդակը կազմում է մոտ 56 տոկոս, եւ այս ցուցանիշը կարող է ավելի ցածր իջնել։

Պարսյանը հիշեցրեց, որ 2020թ․ ճգնաժամային տարի դարձավ Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության համար՝ համավարակի եւ 44-օրյա պատերազմի ֆոնին, որը լուրջ ազդեցություն ունեցավ նաեւ պարենային անվտանգության վրա, քանի որ կրճատվեցին գյուղատնտեսական նշանակության հողերը, այդ թվում՝ ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի ցանքատարածությունները։

«Սա, ինչպես նաեւ անասնակերի ծավալների կրճատումը էական ազդեցություն ունեցան նաեւ 2021թ․ իրավիճակի վրա, երբ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց 1,1 տոկոս անկում։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը մեծ գումարներ էր հատկացրել վարկերի սուբսիդավորման համար»,- հավելեց տնտեսագետը։

Նա հիշեցրեց, որ մինչ պատերազմը Հայաստանն Արցախից ստանում էր 60-70 հազար տոննա ցորեն, անասնակեր, բանջարեղեն եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Երկրի գյուղատնտեսությունը տուժել է նաեւ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի սահմանամերձ բնակավայրերում հետպատերազմյան լարվածության հետեւանքով, քանի որ գյուղացիները չեն կարողացել այնտեղ հողը մշակել, ինչը հանգեցրել է արդեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի կրճատմանը։

Պարսյանը բացատրեց, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության ֆոնին այս տարի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում պարենային ոլորտի խնդիրների սրացում է սպասվում։

Բուսական յուղով, հացահատիկներով, խոզի մսով, որոշ ձավարեղենով ապահովվածության հարցում Հայաստանը հիմնականում կախված է ռուսական ներմուծումից։

Տնտեսագետը պարենի դեֆիցիտ չի կանխատեսում, սակայն, ըստ նրա, գների աճ կլինի, ինչին կնպաստի նաեւ պարարտանյութերի գների աճը։

Փորձագետը նշեց, որ այս ամենի ֆոնին ՀՀ կառավարությունը նախ խոսում է գյուղատնտեսության ոլորտում աշխատատեղերը կրճատելու մտադրության մասին, իսկ այժմ գյուղացիներին կոչ է անում մշակել հողը։

Պարսյանը խորհուրդ տվեց կարճաժամկետ հեռանկարում դիտարկել ներմուծման ավելացումը հիմնականում Ռուսաստանից, բայց քանի որ ուկրաինական հակամարտության պայմաններում պատժամիջոցները դեռ մի քանի տարի կտեւեն, պետք է մտածել նաեւ տեղական արտադրության հնարավորությունների մեծացման մասին:

«2021թ․ ցորենի արտադրությունը 2016թ․ համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, վարելահողերի 40 տոկոսը չի մշակվում։ Այս խնդիրների լուծումը, ինչպես նաեւ բերքատվության բարձրացումը զգալիորեն կբարելավի պարենային ինքնապահովման մակարդակի հետ կապված իրավիճակը»,- ասաց նա։

Այս մասով տնտեսագետը կոչ արեց լուծել ոռոգման, պարարտանյութերի հասանելիության հետ կապված խնդիրները։

«Բացի այդ, միայն վարկերի սուբսիդավորմամբ գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ։ Պետք է մտածել Հայաստանից պատվերների միջոցով Արցախում հող մշակելու մասին»,- ընդգծեց նա։

Պարսյանի կանխատեսումներով՝ այս տարի պարենի ոլորտում ինֆլյացիայի երկնիշ աճ կարձանագրվի։ Այս ցուցանիշը 2022թ․ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում աճել է 17,8 տոկոսով։

«Աշխարհի աղքատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են սննդի վրա։ Ուստի սա մեզ համար էական նշանակություն ունի, քանի որ աղքատության մակարդակը կբարձրանա»,- եզրափակեց փորձագետը։

Աղբյուրը՝ NEWS.am