Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի տարբեր հատվածներում այս օրերին ասֆալտապատման ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով 2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքացիներից շատերը վերջին օրերին իրենց անհանգստությունն են հայտնել՝ արտաքուստ բարեկարգ փողոցներն ինչու՞ են նորից ասֆալտապատվում: Քաղաքապետարանը պարզաբանում է. ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են:
«Այստեղ հնարավոր չէ ճաքալցման եղանակով ասֆալտը պահպանել, մենք կարող ենք առանձին՝ մեկ, երկու երկայնական ճաքերը պահել, բայց սա ամբողջը ցանց է: Եթե այսպես մնա, ձմռանը, օրինակ, -40 աստիճանի դեպքում կամ էլ անձրևի ժամանակ ամբողջ ասֆալտը կքայքայվի», - մանրամասնում է շինարարության և բարեկարգման վարչությունից Ֆելիքս Յայլոյանը:
«Մենք ծավալ չենք մեծացնում: Մեքենան վարելիս չի երևում, բայց ոտքով քայլելիս ցանցային ճաքերը երևում են և հենց դրանք էլ ասֆալտապատվում են, մինչդեռ մեկ գծով ճաքերը հիմնականում ճաքալցման կարիք են ունենում»,-նշում է կապալառու ընկերության ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը:
«Առաջին հայացքից բոլորին պարզ էր, որ Արշակունյացը բարվոք վիճակում է, բայց կային բազմաթիվ ալիքներ և քարտեզատիպ ճաքեր, որոնք անհնարին է պահպանել: Եթե այստեղ ճաքալցում անենք, ապա կարճ ժամանակ անց կրկին խնդիր էր ծագելու և արդեն կրկնակի ծախսի կարիք կլիներ»,-նշում է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Վաղարշյան փողոցում և Երևանի մուտքը համարվող Թբիլիսյան խճուղու մի շարք հատվածներում ասֆալտը կթարմացնեն առաջիկա օրերին:
Յուրաքանչյուր փողոցի համար կազմվել է առանձին նախագիծ:
Ֆրանսիայի հրապարակի և Աբովյան պուրակից դեպի Հաղթանակ զբոսայգի բարձրացող ճանապարհի ասֆալտն արդեն թարմացվել է:
«Շատերը քայլում են և չեն նկատում այն վիճակը, որն ավելորդ անհարմարություններ է ստեղծում վարորդների համար: Կաևոր է, որ հատկապես կենտրոնական փողոցները լավ վիճակում լինեն», - նշում են վարորդները:
Ասֆալտապատումը հիմնականում կազմակերպվում է ցերեկային ժամերին: Պատճառը օրենսդրության պահանջն է. այն փողոցներում, որտեղ մոտակայքում բնակելի շենքեր կան, ժամը 22.00-ից մինչ առավոտյան 06.00-ն աշխատանքներն արգելվում են:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:
Սա չի նշանակում, սակայն, որ գիշերն առհասարակ գործ չի արվում: Մայրաքաղաքի ոչ խիտ բնակեցված հատվածներում ասֆալտապատումը կազմակերպվում է գիշերային ժամերին:
Քաղաքապետարանը վստահեցնում է՝ աշխատանքը կատարվում է որակով: Այսօր արդեն կան որոշակի տնտեսումներ, որոնցով ավելի շատ փողոցներ կնորոգվեն ու կհիմնանորոգվեն։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունն ու հիշեցնում՝ փողոցներն ու մայթերը բարեկարգվում են բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու համար: