|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ Այս մասին հաղորդում է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր: Եգիպտոսի նախագահն ընդգծել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներում կայունության հասնելու և նրանց միասնությունը, ինքնիշխանությունը և ժողովուրդների բարեկեցությունը պահպանելու ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը: Նա ընդգծել է Շարմ էլ-Շեյխի համաձայնագրի լիարժեք իրականացման կարևորությունը՝ Գազայի հատվածում պատերազմը բոլոր փուլերում դադարեցնելու, հրադադարի ռեժիմը ամրապնդելու և առանց սահմանափակումների բավարար քանակությամբ մարդասիրական օգնության մուտքն ապահովելու համար: Նա նաև նշել է Եգիպտոսի աջակցությունը ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծման և համապարփակ խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։
Կողմերը նաև քննարկել են Եգիպտոսի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները և դրանց զարգացման հնարավորությունները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքական, առևտրային և ներդրումային: Բացի այդ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում ռուսական արդյունաբերական գոտի ստեղծելու նախագծին և Դաբաայի ատոմակայանի նախագծին:
Շոյգուն իր հերթին բարձր է գնահատել Եգիպտոսի դերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ նշելով, որ պատմությունը կհիշի նախագահի կարևոր դերը տարածաշրջանային կայունության հասնելու գործում՝ ընդգծելով այս շրջանակում Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համակարգված աշխատանքը Եգիպտոսի հետ։
Հանդիպման ընթացքում Եգիպտոսի նախագահն իր ողջույններն է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ արտահայտելով Եգիպտոսի գնահատանքը Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների և դրանց շարունակական զարգացման համար, որոնք իրենց գագաթնակետին են հասել երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ:
Իր հերթին, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նախագահ աս-Սիսիին է փոխանցել նախագահ Պուտինի ողջույններն ու գնահատանքը՝ ընդգծելով Ռուսաստանի ձգտումը Եգիպտոսի հետ երկկողմ հարաբերությունները հետագայում զարգացնելու և ընդլայնելու հարցում։