| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին:
Հանդիպմանը ներկա էր նաև Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասավոր Հայր Իլարիոնը, ով իր աստվածաբանական կրթությունն է շարունակում Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում։
Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն՝ գնահատանքով անդրադառնալով, որ Եգիպտոսի իշխանությունները և ժողովուրդը հյուրընկալեցին Հայոց Ցեղասպանությունից փրկված հայորդիներին՝ հնարավորություն ընձեռելով վերակազմակերպելու իրենց ազգային-հոգևոր կյանքը: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերակատարությանը հայ-եգիպտական կապերի զարգացման գործում:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ մեր երկրի ու Արցախից բռնի տեղահանված մեր զավակների առջև ծառացած մարտահրավերներին, և ներկայացրեց արցախահայերի կարիքների հոգածությանն ուղղված Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը։
Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Հայ և Ղպտի Քույր Եկեղեցիների միջև առկա են եղբայրական ջերմ հարաբերություններ և սերտ փոխգործակցություն։
Իր հերթին դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին Վեհափառ Հայրապետին փոխանցեց Ղպտի Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետ Թավադրոս Բ Պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները: Եգիպտոսի դեսպանը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ իր ջանքերը կներդնի հայ-եգիպտական հարաբերությունների էլ ավելի սերտացման և համագործակցության առավել ամրապնդման համար։