կարևոր
1204 դիտում, 1 օր առաջ - 2025-07-10 17:58
Հասարակություն

Սվասի Սուրբ Մինաս եկեղեցին և գերեզմանատունն ավերակ վիճակում են․ լուսանկարներ

Սվասի Սուրբ Մինաս եկեղեցին և գերեզմանատունն ավերակ վիճակում են․ լուսանկարներ

Մարթա Սյոմեք

Ավիրվել է մինչև 1915 թ (Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ) հայկական բնակավայր եղած Սվասի (Սեբաստիա-Ակունքի խմբ) Զարա գավառի Ալաքիլիսե գյուղում գտնվող ու 13-րդ դարում կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու գերեզմանատունը։ Եկեղեցի այցից հետո իր դիտարկումները մեր թերթին («Ակօս» շաբաթաթերթին-Ակունքի խմբ) ներկայացրած մեր ընթերցողներից մեկը հայտնել է «Եկեղեցուց ներքև ընկած հատվածում, բավականին ընդարձակ մի տարածքում ցաք ու ցրիվ եղած ոսկորներ տեսանք։ Տեսարանն ահասարսուռ էր։ Հուսով ենք, որ որևէ բան կձեռնարկվի այդ ավիրման դեմ»։

Սուրբ Մինաս եկեղեցին Սվասի Զարա գավառում 13-րդ դարում կառուցված պատմական հայկական եկեղեցի է։ Այն տեղակայված է Քըզըլըրմաք (Ալիս) գետի ափամերձ ժայռերին։ Անտիկ դարաշրջանից մինչև 1915 թ․ Ցեղասպանությունը հայկական բնակավայր եղած Ալաքիլիսե (Մյուսլյումաբաթ) գյուղում գտնվող Սուրբ Մինաս եկեղեցին բազմիցս ենթարկվել է գանձագողերի ավիրումներին, քանի որ վերջիններս ենթադրել են, թե այնտեղ «գանձ» կա։

Չնայած ավերակ վիճակին՝ դեռ կանգուն մնացած Սուրբ Մինաս եկեղեցին ընդգրկված է Թուրքիայի մշակութային հուշարձանների գույքագրման մատյանում։ Հրանտ Դինք հիմնադրամի «Սվասի մասին ուսումնասիրություն և դաշտային հետազոտություն» աշխատության համաձայն՝ մինչև Ալաքիլիսեում մի նոր մզկիթի կառուցումը, երկար տարիներ շարունակ եկեղեցին գյուղացիների կողմից օգտագործվել է որպես մզկիթ, իսկ վերջինիս կառուցման ավարտից հետո Սուրբ Մինասը գրանցվել է որպես մշակութային ժառանգության մաս։

Մեր ընթերցողներից մեկը, որի անունը չենք նշում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, մեր պարբերականին տեղեկացրեց, որ Սուրբ Մինաս եկեղեցին գտնվում է ավերակ վիճակում, և որ եկեղեցուն կից գերեզմանատանն ամփոփված աճյունների ոսկորները ցաք ու ցրիվ տարածված են շրջակայքում։ Նա նաև մեզ փոխանցեց իր արած լուսանկարները։

Մեր ընթերցողը, ով հայտնեց, որ եկեղեցին այցելել է ոչ հեռավոր անցյալում, մեզ պատմեց իր իսկ աչքով տեսածը․

«Գյուղի նախկին անվանումը Ալաքիլիսե է, որի շնորհիվ էլ գիտեինք, որ այնտեղ մի եկեղեցի է եղել։ Ենթադրում էինք, որ այն վատ վիճակում է գտնվում, որովհետև տեսել էինք, որ Սվասի մի շարք եկեղեցիներ ավերակ են դարձել»։

Գերեզմանատան ավիրման հետևանքով շրջակայքում ցաք ու ցրիվ եղած ոսկորներ

Վերջերս եկեղեցին տեսնելու համար որոշեցինք մի խումբ կազմել ու գյուղ գնալ։ Եկեղեցու շուրջը և առաջնային հատվածում անվտանգության տեսախցիկներ կային։ Կառույցն ավերակ վիճակում էր։ Եկեղեցու զանազան հատվածներում փոսեր էին փորված։ Եկեղեցու առջևում դեպի գետ նայող մի մաս կա, և ես Հրանտ Դինք հիմնադրամի հրապարակումից տեղեկացել էի, որ այդ հատվածը գերեզմանատուն է։ Երբ եկեղեցուց մի քիչ ներքև իջանք, բավականին ընդարձակ տարածքում ցաք ու ցրիվ եղած ոսկորներ տեսանք։ Եկեղեցու մոտակայքում կային տներ և դարձյալ եկեղեցուն ուղղված անվտանգության տեսախցիկներ։ Որոշ ենթադրությունների համաձայն՝ գյուղացիներն իրենք են այդ տեսախցիկները տեղադրել տվել։

Ավելի ուշ մենք հարցրեցինք «Ինչու՞ են այս ոսկորներն այսպես ցաք ու ցրիվ եղել։ Ինչու՞ է նման վիճակ առաջացել»։ Սկզբում նրանք ասացինթե այդ ոսկորները կենդանիներին են պատկանում։ Սակայն մեր խմբում կար առողջապահության ոլորտում աշխատող մեկըով շեշտեց «Ո՛չդրանք մարդկային ոսկորներ են»։ Դրանից հետո գյուղացիները պատասխանեցին «Այո՛մարդու ոսկորներ ենբայց այս վայրի սեփականության վկայականը մի մարդու է պատկանում։ Նա տուն էր կառուցելուբայց երբ հետագայում ոսկորներ ի հայտ եկանհրաժարվեց այդ գաղափարից»։

Ոսկորները ցաք ու ցրիվ ընկած էին բավականին լայն մի տարածքում։ 300-400 քմ մի տարածք էլ կողոպտել են։ Տեղյակ ենք, որ եկեղեցու շուրջը գերեզմանոցներ են, բայց չգիտեինք, որ այդ վայրը գրանցված է որպես գերեզմանատուն։ Երբ Հրանտ Դինք հիմնադրամի էջում հանդիպեցինք այդ տեղեկությանը, մտածեցինք, որ այդ ավիրումը գիտակցաբար է արվում։ Ավելին, անվտանգության տեսախցիկն էլ է այդ վիճակը ֆիքսել, և բոլորն էլ տեղյակ են դրա մասին։ Մեր խմբից մեկը հարց ուղղեց տեղի բնակիչներին «Սրանք մարդկային ոսկորներ են եթե Դուք լինեք, չե՞ք անհանգստանա»։ Նրանք պատասխանեցին՝ «Շատ ենք անհանգստացել»։ Սակայն ոսկորները մեջտեղում էին։

Գերեզմանոցի կողոպտումը մեծ չարիք է։ Քանզի հայտնի է, որ այդ վայրը գերեզմանատուն է։ Արդեն իսկ այս եկեղեցին մինչ այժմ կանգուն է մնացել միայն այն պատճառով, որ որոշ ժամանակ օգտագործվել է որպես մզկիթ։ Ահա թե ինչու կառույցը լիովին չի քանդվել։

Երբ նայում ենք մշակութային հուշարձանների գույքագրման մատյանին, նկատում ենք, որ Սվասի բազմաթիվ վայրերում եկեղեցիներ կան։ Սակայն գյուղացիները մտածելով, թե (հայերը) «ոսկի են թաղել ու հեռացել», ավիրել են դրանք։ Ամենայն հավանականությամբ Սուրբ Մինասն էլ պիտի նույն վիճակին հասներ։ Դրա համար էլ այն որպես մզկիթ են օգտագործել։

Երբ նոր մզկիթ են այդտեղ կառուցել, փոխադրվել են այնտեղ։ Սակայն ամեն մի այցելու մի հարված է հասցրել Սուրբ Մինաս եկեղեցուն։ Եկեղեցու հատակը լի է փոսերով։ Երբ կառույցն օգտագործել են որպես մզկիթ, շատ հատվածներ են փորել և հետքերը թաքցրել։ Երբ շրջում էինք եկեղեցում, մի քանի փորագրությունների հանդիպեցինք, իսկ մուտքի մոտ խաչի նմանվող մի խորհրդանշան կար։ Հայկական այբուբենով տապանագրի նմանվող մի գրության մեջ նշված էր կառուցման տարեթիվը և անունը՝ Սուրբ Մինաս։ Դրանից բացի՝ այլ հետք չէր մնացել։

Ցաք ու ցրիվ եղած ոսկորների տեսարանն ահասարսուռ էր։ Հուսով ենք, որ որևէ բան կձեռնարկվի այդ ավիրման դեմ»։

https://www.agos.com.tr/tr/yazi/35160/sivastaki-surp-minas-kilisesi-ve-mezarligi-harap-halde

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net