Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանրապէս Հայ Եկեղեցու, բայց մասնաւորաբար Թեհրանի հայոց թեմի Սուրբ Մինաս եկեղեցու եւ Թեհրանի հայոց թեմի հաւատացեալ ժողովրդի զաւակներին համար, երկուշաբթի, 10 դեկտեմբեր, 2018 թւականը եղաւ յիշատակելի եւ հոգեկան անխառն ուրախութեան ու յոյզերի ներշնչման օր։
Արդարեւ, Սուրբ Մինասի տօնի առիթով, Վանաքի Ս. Մինաս եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, ձեռամբ՝ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգիսեանի։ Սուրբ պատարագին ներկայ էին թեմիս հոգեւրակաց դասը, եկեցեղու հանգուցեալ բարերարների մտերիմներն ու բարեկամները, բարերարներ ու հաւատացեալների մի հոծ բազմութիւն, որոնք ժամանել էին Թեհրանի տարբեր շրջաններից եւ ծուխերից։
Սուրբ պատարագին սպասարկում էին արժ. Տ. Տ. Գուրգէն եւ Սահակ քահանայ հայրերը։ Սուրբ Խորանին սպասարկում էին Ս. Սարգիս մայր եկեղեցու, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Մինաս եկեղեցիների դպիրներն ու ուրարակիրները։ Սուրբ պատարագի երգեցողութիւնը շնորհալիօրէն կատարում էին Ս. Մինասի եւ թեմի եկեղեցիներից բաղկացած մի խումբ դպիր-դպրուհիներ, ղեկավարութեամբ՝ Լուիզա Աւետիսեանի։
Քարոզի պահին, առաջնորդ Սրբազան Հայրը ասաց.
«Սուրբ Մինասի եւ իր նահատակակից ընկերների տօնին առիթով, մտուցւող սրբազան պատարագի այս արարողութեամբ, մենք փառք եւ գոհութիւն ենք տալիս Աստուծոյ, որ Քրիստոսի Եկեղեցին եւ նրա արժանաւոր զաւակները հետեւելով մեր երկնաւոր Տիրոջ Յիսուս Քրիստոսի առաքեալներին, շարունակել են ու շարունակում են Քրիստոսի Լոյսին տարածումը երբեմն կենդանի նահատակութեամբ եւ երբեմն էլ արեան նահատակութեամբ։ Նրանք իրենց կեանքի գնով դարձել են վկաները աստուածային ճշմարտութիւններին եւ Քրիստոսի աւետարանին։
Այսօր բոլորս էլ հաւաքուել ենք այս նւիրական եւ պատմական մատրան մէջ նախ փառք տալու Աստուծոյ եւ ապա միմեանց ողջունելու Քրիստոնէական Սուրբ սիրով ու մեր մէջ միանգամ եւս քրիստոնէկան հաւատքը կենսաւորելու մտադրութեամբ»։
Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզում գնահատանքով արտայայտւեց հաւատացեալների հոծ թւով մասնակցութեան համար, մաղթելով ամէնաբարին եւ ամէնակատարեալը։ Ապա խորհրդածելով օրւայ Աստւածաշնչական խորհրդի մասին, յիշեցրեց թէ ո՞վ եւ ինչպէ՞ս պէտք է հետեւի Քրիստոսին, ինչպէ՞ս պէտք է ընդունել Քրիստոսը եւ ի՞նչ ձեւով պէտք է արտայայտել զայն իր կեանքում։ Առաջնորդ Սրբազան Հայրն ասաց.- «Ամէն բանից առաջ եւ վերջ Քրիստոսը պէտք է լինի մեր ուշադրութեանց առանցքը, մեր հաւատքին էական մասը, այլ խօսքով Քրիստոս ինք պէտք է լինի կեդրոնը մեր կեանքին»։
Առաջնորդ Սրբազան Հայրը խօսելով Մեծ Սուրբի մասին ասաց.- «1700 տարիներ են անցել, բայց Սուրբ Մինասը մնում է մեր մէջ, որպէս ներշնչման աղբիւր։ Որովհետեւ իր չարչարանքների մէջ, նա ամրանում եւ զօրանում էր։ Նրա նահատակութիւնը չսեպւեց տկարութիւն՝ Քրիստոսի Եկեղեցուն համար, այլ՝ընդհակարակը այդ նահատակութեան մէջ Քրիստոսի Եկեղեցին ինքզինք գտաւ աւելի՛ ուժեղ եւ զօրաւոր, որովհետեւ իր տկարութեան մէջ Սուրբ Մինասը գտաւ Աստուծոյ զօրութիւնը։ Արդարեւ, տկարութիւնը, նեղութիւնը, չարչարանքը եւ հալածանքը այն պահն են ստեղծում, որ Քրիստոնիան կամ՝ընկճւում է եւ կամ էլ՝ աւելի զօրանում։ Յիսուս Քրիստոսի սիրոյն կրած Տառապանքները, Սուրբ Մինասի համար եղան զօրութեան, տոկունութեան եւ վկայութեան աղբիւրներ»։
Սուրբ պատարագի աւարտին հանդիսապետութեամբ առաջնորդ Սրբազան Հօր, Սուրբ Մինասի Օրհնալից Աջով, տեղի ունեցաւ ջրօրհնէքի հանդիսաւոր արարողութիւն։ Ապա հանգուցեալ բարերարների հոգւոց խաղաղութեան ի խնդիր կատարւեց հոգեհանգստեան կարգ։ Պատարագի աւարտին դպրաց դասի առաջնորդութեամբ եւ «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ Սրբազան Հայրը առաջնորդւեց եկեղեցու շրջափակ, ուր տեղի ունեցաւ խաչահամբոյր։
Սուրբ պատարագի աւերտին, «Արարատ» մարզամշակութային համալիրում մատուցւեց սիրոյ սեղան, կազմակերպութեամբ համանուն եկեղեցու Եկեղեցական խորհրդի եւ հիւրնկալութեամբ տիար Յովհաննէս Այւազեանի։ Այս առիթով կատարւեցին բաժակաճառեր եւ գործադրւեց գեղարւեստական կոկիկ յայտագիր։ Աւարտում առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորեց Ս. Մինաս եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին, ու բոլոր օժանդակներին, որոնք եկեղեցու բարերարների օժանդակութեամբ ճիգ չեն խնայում Ս. Մինաս եկեղեցին պահելու շէն, ապրող ներկայութիւն եւ առաքելութիւն մեր կեանքում։
«alikonline.ir»