կարևոր
2395 դիտում, 23 ժամ առաջ - 2025-06-12 15:54
Իրավական

«Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան

«Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան

Մինչ Ադրբեջանի ռազմական դատարանում որպես վկա ու տուժող ներկայացվող անձինք իրար հերթ չտալով ցուցմունքներ են տալիս Արցախի կալանավորված ռազմաքաղաքական վերնախավի դեմ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է՝ դատարանն արդեն ունի իր վճիռները: Ընդ որում, հայտնի իրավապաշտպանի խոսքով, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ:

«Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը և դատախազները անկախ և անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում, իհարկե, նախագահ Ալիևն է։ Այսպիսով՝ արդյունքը նախապես որոշված է։
Ռուբենը կդատապարտվի, մյուսները ևս։ Վերջին հաշվով, սա ավելի շատ քաղաքական հարց է, կարևոր է հիմա հասկանալ՝ ինչպե՞ս բանտից դուրս հանել բռնապետների կողմից կալանավորված քաղբանտարկյալներին», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Գենսերը:

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Բանտային վատ պայմաններ, հացադուլներից հյուծված մարդուն այլևս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն էլ չեն կարող այցելել, ինչը, փաստաբանի խոսքով, է՛լ ավելի է մեծացնում անհանգստությունը։ Միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ավելի վաղ ասել էր, որ վերջին անգամ մարտին են տեսակցել Բաքվի բանտերում պահվող գերիներին։

«Ալիևը բավականին հստակորեն ձգտում էր 200 հազար մարդկանց՝ հայ քրիստոնյա բնակչությանը, վտարել էթնիկ զտման միջոցով։ Եվ սա, կարծես, քարոզարշավի սկիզբն էր։ Նա նաև, իհարկե, հետապնդեց Ռուբենի նման շատ նախկին ղեկավարների, ստիպեց, որ կառավարությունն ինքը իրեն լուծարի, այլևս գոյություն չունենա։ Եվ այս ամենը երկարատև ծրագրի մի մասն էր, որ մտադիր էր իրականացնել։ Այսպիսով, Ռուբենի և մյուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն», - ընդգծեց Գենսերը:

Փաստաբանի խոսքով՝ սա Ալիևի կողմից իրականացված հետևողական ծրագրի անբաժանելի մասն էր։ Այն ներառում էր էթնիկ զտումներ, Լեռնային Ղարաբաղի կառավարության կազմալուծում և բարձրաստիճան պաշտոնյաների բանտարկություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։