Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական ուղղաթիռը խոցելով` Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է ոչ միայն զինադադարի պայմանագիրը, այլև վեճերը խաղաղ կերպով և ոչ ուժով կամ ուժի սպառնալիքով լուծելու մասին իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը:
Նրա խոսքով` երկու օր առաջ կատարվածի տեսագրությունը հստակ փաստաթղթավորված ապացույց է, որը ոչ միայն այս, այլև մինչ այդ կատարված սադրանքների հանգամանքները ճշտելու հնարավորություն է տալիս: Եվ նաև ապացույցն է այն մասին, որ սադրողը հայկական կողմը չի եղել:
Վ. Քոչարյանն անդրադարձավ նաև դեպքից հետո Ադրբեջանում տեղի ունեցած զարգացումներին` պարգևատրվեց հայկական ուղղաթիռը խոցած զինվորականը: «Պարգևատրում են այն դեպքում, երբ կատարվում է հրամանը»,- ասաց նա: Բանախոսը հետևություններ է անում, որ կա'մ նախապես էր պլանավորված ուղղաթիռի խոցումը, կա'մ հրաման կա` հարմար առիթները օգտագործել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինտեխնիկան և զինվորականներին վերացնելու համար:
Վ. Քոչարյանի խոսքով` անընդունելի էր նաև միջազգային կառույցների արձագանքը, որոնք լղոզված, ընդհանուր բնույթի հայտարարություններ արեցին` չհստակեցնելով, թե ով է պատասխանատու կատարվածի համար:
Մյուս բանախոսը` Արցախյան պատերազմում հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանյանը, բացատրեց, որ երբ որևէ պետություն զորավարժանքներ է անցկացնում, պարտադիր կերպով տեղեկացնում է հարևան պետություններին: Եվ եթե տվյալ դեպքում ադրբեջանցիները իմացել են զորավարժությունների մասին, բնական է, որ ամրացրել են իր առաջին, երկրորդ դիրքերը: Սովորաբար, նման դեպքերում ոգևորող քարոզչություն է արվում: Վ. Վարդանյանի խոսքով` հավանական է, որ ոգևորված են եղել, և կրտսեր հրամանատարի հրամանով է կատարվել ուղղաթիռի խոցումը:
Ազատամարտիկն ասաց նաև, որ բոլոր դեպքերում պետք է պատասխան տալ, քանի որ Ադրբեջանն իրեն խուլիգանի պես է պահում: Եվ ինչպես խուլիգանը, եթե պատասխան չստանա, Ադրբեջանը ավելի լուրջ պրոբլեմների առջև կկանգնեցի մեզ:
Վ. Վարդանյանի խոսքով` պատասխան պետք է տալ ռազմական, դիվանագիտական ճանապարհներով, ինչպեսև` մեր երկրի ներսում դրական գործողություններ կատարելով, որոնք Ադրբեջանին խոցում են, օրինակ` յուրաքանչյուր սպանված զինվորի անունով արցախյան ազատագրված տարածքներում գյուղ հիմնել և բնակեցնել: