Փոխարժեքներ
27 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված վանդալիզմի հերթական դրսևորումը, ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության, արձանագրվել է բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Նախնական տվյալների համաձայն՝ ամբողջությամբ ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Արբանյակային պատկերները հրապարակվել են Արարատ Պետրոսյանի տելեգրամյան ալիքում՝ https://t.me/ararathau/27168 ։
«Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։
Սա պատմություն չէ միայն մի որևէ մշակութային հուշարձանի հանդեպ կատարված վանդալիզմի մասին։ Մենք գործ ունենք քաղաքակրթական պատերազմի հետ, երբ ընդամենը մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզին հայտնված մի պետություն փորձում է «իրեն վերագրել տարածքներ»` հազարամայկաների պատմություն ունեցող Հայաստանում, որի անբաժանելի մասն է եղել ու կա Արցախը և որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
Մինչդեռ Արցախում վանդալիզմի ենթարկվող հայկական ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, իսկ Հայրենական հուշարձաններն` անկախ նրանց գտնվելու վայրից, ժողովուրդների հիշողությունն են, որոնք տեսել են ֆաշիզմի ու պատերազմի սարասափները։
Այսպիսի դրսևորումների ու հիմնախնդիրների ֆոնին առնվազն անընդունելի ենք համարում այն դրվագը, երբ ֆաշիզմի գաղափարախոսության կրող, քսենոֆոբիայի ջատագով երկրի առաջնորդի պաշտոնյան` Մեհրիբան Ալիևան արժանանում է բարձր շքանշանի Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից։ Մինչդեռ ակնկալում ենք հենց Ռուս Ուղղափառ եկեղեցու արձագանքը` հայկական մշակութային ժառանգության դեմ ադրբեջանական պետության կողմից իրականացվող վանդալիզմի դեմ։
Հուսով ենք, որ այն կունենա համապատասխան գնահատական, որովհետև պատմության մեջ կան էջեր, որոնք հոգևոր ամուր կապերով են շաղկապում մեր երկու ժողովուրդների բարեկամությունը` հասնելով մինչև դարերի խորքը` Կիևյան Ռուսիայի ժամանակներից մինչև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը»,- գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։