|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Տարվա սկզբին լուրջ քննարկումների առարկա էր դարձել Արթիկ համայնքի կենտրոնական հրապարակում տեղադրված 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված բազալտբետոնյա հուշարձանի հարցը: Խոսակցություններ կային, որ համայնքային իշխանությունը ցանկանում է հուշարձանն ապամոնտաժել և տեղափոխել այլ վայր: Այս մասին գրել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
«Այդ օրերին բազմաքանակ ահազանգեր ստացա արթիկցիներից: Անմիջապես պատգամավորական հարցում ուղարկեցի ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ խնդրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։
Ս/թ փետրվարի 10-ին համայնքի ղեկավարը հարցմանս ի պատասխան տեղեկացրեց, որ տվյալ պահին օրակարգում նման հարց չկա:
Նույն հարցի վերաբերյալ պարզբանումներ ստանալու նպատակով դիմել էի նաև ԿԳՄՍ նախարարին: Ի պատասխան իմ հարցմանը նախարարը տեղեկացրել էր, որ ՀՀ Շիրակի մարզպետարանը նախարարություն է ներկայացրել «Արթիկ համայնքի կենտրոնական հրապարակի պուրակի բարեկարգում եւ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին բազալտբետոնյա հուշարձանի ապամոնտաժում ու մոնտաժում» աշխատանքային նախագիծը։
ՀՀ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ»:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով ս/թ մարտի 5-ին պատգամավորական հարցումով դիմեցի ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ արդյո՞ք համայնքապետարանը 2022, 2023 և 2024 թվականների ընթացքում հայտարարել է նախագծանախահաշվային մրցույթ հուշարձանի ապամոնտաժման և այլ վայր տեղափոխելու համար:
Սակայն մինչ օրս այդպես էլ պատասխան չեմ ստացել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարից (խախտել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջները):
Ս/թ ապրիլի 14-ին նույնաբովանդակ հարցումով դիմեցի նաև ՀՀ ֆինանսների նախարարին:
Ի պատասխան իմ գրությանը նախարարությունը տրամադրեց էլեկտրոնային գնումների համակարգում հրապարակված տեղեկությունը, որի համաձայն 2023թվականի հուլիսի 3-ին պայմանագիր է կնքվել Արթիկ համայնքի ղեկավարի և «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի միջև՝ ք.Արթիկի կենտրոնական հրապարակի պուրակի և Հայրենական Մեծ պատերազմի բազալտբետոնյա հուշարձանի ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ ՝ 4800000(չորս միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ արժողությամբ:
Հետևությունները թողնում եմ ձեզ….
Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է»,- գրել է նա: