կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 16:42
Սփյուռք

Թուրքիայի խորհրդարանում «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումները» քննելու նպատակով ենթահանձնաժողով է հիմնվել

Թուրքիայի խորհրդարանում «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումները» քննելու նպատակով ենթահանձնաժողով է հիմնվել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի` (ԹԱՄԺ) Մարդու իրավունքները քննող հանձնաժողովի ենթակայության տակ մի ենթահանձնաժողով է հիմնվել, որի նպատակն է քննել «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումները»։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սույն ենթահանձնաժողովն ուսումնասիրելու է նաև Թուրքիայի հայ քաղաքացիների վիճակը ներկայիս պայմաններում։ Հիշյալ հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով իշխող Արդարություն և զարգացում (AKP), ինչպես նաև՝ Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունների անդամ պատգամավորների առաջարկով ստեղծված այս ենթահանձնաժողովի գործառույթների հարցին, նշել է, որ ենթահանձնաժողովի իրավասությունների շրջանակում է մտնում արտասահմանյան երկրներում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրությունը, ինչպես նաև՝ տվյալ երկրների օրենսդիրների ուշադրությունը նման խնդիրների վրա հրավիրելը։

Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի փոխնախագահ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ցուցակով ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն շեշտելով, թե իրենք կողմնակից են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջացած այս խնդրին խաղաղ լուծում տրվի, արձանագրել է նաև, թե իրենք կողմ են եղել սույն ենթահանձնաժողովի ստեղծմանը։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ պատգամավորներից Գյուլիստան Քըլըչ Քոչյիղիթը, ընդգծելով Թուրքիայում հայերի դեմ ուղղված ատելության արշավից հրաժարվելու անհրաժեշտությունը, նաև հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունը հրահրողներն արդեն 14 տարի է, ինչ չեն բացահայտվել, և հավելել․

«Պետք է հնարավորինս շուտ մերժելի դարձնել մեր երկրում հայ ժողովրդին ամեն օր վիրավորող, մինչև իսկ մեր պատգամավոր Կարո Փայլանի դեմ սպառնալիքների հասած արտահայտությունների օգտագործումը, ինչպես նաև՝ հանրության շրջանում հայերի դեմ ատելություն հրահրող արտահայտությունների կիրառումը»։

Նույն՝ Ժողովուրդերի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակով ընտրված պատգամավորներից Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն իր հերթին նշել է․

«Ասում եք՝ ուսումնասիրենք Թուրքիայում հայերի իրավազուրկ վիճակը։ Հարց է առաջանում, թե որչա՞փ անկեղծություն կա այդ առաջարկում։ Քանի որ արդեն 14 տարի է՝ Հրանտ Դինքի սպանության բացահայտման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել»։
https://www.gazeteduvar.com.tr/meclis-komisyonu-azerbaycana-gidecek-haber-1501641

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net