Փոխարժեքներ
07 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում 2006 թվականին հիմնադրվեց “Rádio Armenia Eterna” («Հավերժ Հայաստան») ռադիոժամը՝ դառնալով կարևոր գործիք հայկական մշակույթի տարածման և հայ համայնքի միասնության համար։ Հիմնադիրը՝ Սարգիս Կարամեկյանը, ունենալով ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում մասնագիտական կրթություն և փորձ, ռադիոժամը ստեղծեց մեծ սիրով և հայրենասիրությամբ։ Նպատակը մեկն էր՝ ծառայել Բրազիլիայի հայերին և սփյուռքում ավելի մեծ լսարանի ներկայացնել հայկական մշակույթը։
Չնայած որ իր գործունեության ընթացքում ռադիոժամը բախվեց մի շարք խնդիրների դժվարությունների, սակայն Կարամեկյանը որոշեց գնալ մինչև վերջ, և ինչ էլ որ լինի, պահպահնել ռադիոն ու չկորցնել այն։ Ռադիոհաղորդումը հեռարձակման օրվանից սկսած սիրվեց ոչ միայն բրազիլիահայերի, այլ նաև բրազիլացիների կողմից՝ զարմացնելով անգամ տեղական լրատվամիջոցներին։ 2006 թ․ սեպտեմբերի 14-ին բրազիլիական հայտնի լրատվամիջոցներից մեկը հարցազրույց վերցրեց Ս․ Կարամեկյանից՝ վերնագրելով նյութը «Que som é esse?» («Ի՞նչ ձայն է սա»)․ այս հարցազրույցը դարձավ ռադիոժամի ճանաչման աղբյուր։
Սկզբնական շրջանում ռադիոժամը հեռարձակվում էր 30 րոպե տևողությամբ՝ հայերենով և պորտուգալերենով, որպեսզի հասանելի լինի թե՛ հայ համայնքին, թե՛ բրազիլիացիներին։ Չնայած FM ալիքով հեռարձակման բարձր ծախսերին՝ Կարամեկյանն ընտրեց այդ տարբերակը՝ գիտակցելով դրա մեծ հասանելիությունն ու ազդեցությունը։
Այս 19 տարիների ընթացքում ռադիոժամն անցել է մի շարք փուլերով․ 2007 թվականին այն ընդլայնվեց ժամանակային առումով՝ դառնալով 60 րոպե, իսկ COVID-19 համաճարակի ժամանակ հասավ 90 րոպե տևողության, որը պահպանվում է առ օրս։ Այս ամենը բերեց նոր մարտահրավերների թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային առումով, բայց “Rádio Armenia Eterna”-ի խմբագրությունը երբեք չհանձնվեց, և չնայած ֆինանսական ճգնաժամերին՝ ռադիոհաղորդումը շարունակեց իր գործունեությունը հովանավորների ջանքերով, որոնք մինչ օրս էլ թուլ չեն տալիս բարձրաձայնել իրենց անունները։
Ռադիոժամը երբեք չի եղել Սարգիս Կարամեկյանի ապրուստի միջոցը, այն եղել է առաքելություն՝ հոգու, սրտի և կյանքի նվիրում։ Նրա համար ռադիոն պարզապես մի նախագիծ չէ, այլ կյանքի իմաստ, որը կոչված է պահպանելու հայկական ինքնությունը սփյուռքում։ Ռադիոժամի միջոցով իրականացվել են մշակութային ծրագրեր, համագործակցության կապեր են հաստատվել Հայաստանի երգիչ-երգչուհիների հետ, որոնք հրավիրվել են Բրազիլիա համերգների նպատակով։ Ստեղծված կապերի շնորհիվ Բրազիլիա է տեղափոխվել երկու խաչքար, որոնցից մեկը տեղադրված է Ֆրանկոս դա Ռոշա քաղաքում՝ “Rádio Armenia Eterna” - «Հավերժ Հայաստան» կոչվող տարածքում։
Այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, Սարգիս Կարամեկյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ջահերով երթ դեպի խաչքար։ Խորհրդանշական կերպով նույն օրը Կարամեկյանին պատկանող «Հայկական Ֆիդայիններ» Ֆուտբոլային ակումբի թիմը 3։1 հաշվով հաղթանակ տարավ բրազիլական Կորինթիայի հավաքականի նկատմամբ։ Թիմի ֆուտբոլիստներից և ոչ մեկը հայ չէ, բայց նրանք հայ են իրենց ոգով։
“Rádio Armenia Eterna”-ն անկախ ռադիոհաղորդում է և չի պատկանում որևէ քաղաքական ուժի։ Այն անդրադառնում է մշակութային, կրթական, սպորտային, երաժշտական և համայնքային կյանքի տարբեր թեմաների՝ դառնալով կապող օղակ սփյուռքի և Մայր Հայաստանի միջև։
Ռադիոժամի պատմության մեջ առանձնահատուկ դեր ունի Սարգիս Կարամեկյանի անձնական պատմությունը․ ռադիոժամը կապօղ օղակ է հանդիսացել իր և կնոջ՝ Ինեսա Ասրյանի ամուսնության հարցում։ Ինեսան Արցախից է և նախագահում է «Կանանց և երեխաների զարգացման կենտրոն»-ը։ Զարգացման կենտրոնի համար սոցիալական հարթակներում հովանավոր փնտրելիս պատահական գտել է Սարգիս Կարամեկյանի էջը, ուսումնասիրել, հետո կապ հաստատել ու էդպես գործնական շփումն աստիճանաբար վերածվել է ամուսնության։ Հիմա ամուսինները երկուսով են վարում ռադիոժամը՝ դարձնելով այն ընտանեկան ու համախմբված նախագիծ։
Կարամեկյանի խոսքով՝ պետք է խենթ լինես, որ կարողանաս Բրազիլիայի մեջ ծառայել հայությանը, և շեշտում է, որ, այո՛, ինքը խենթ է, եթե կարողանում է դա անել։ Լավագույն ապացույցն է մարդկանց արձագանքն է․ երբ դրսում իրեն տեսնում են, միանգամից վանկարկում են արդեն կարգախոսի վերածված «Հայություն, հայություն, միշտ-միշտ հայություն» խոսքերը, ինչը նշանակում է, որ բոլորս էլ հայ ենք, և կապ չունի, թե աշխարհի որ ծայրում ենք գտնվում։
Այսօր էլ ռադիոժամը շարունակում է իր գործունեությունը՝ լուռ, հավատարիմ ու անսասան՝ որպես հայ համայնքի ձայնը Բրազիլիայում։ Իսկ Սարգիս Կարամեկյանը շարունակում է իր առաքելությունը՝ առանց շահի, առանց ցուցամոլության, պարզապես որպես մի խենթ հայ։
Էլիտա Ստեփանյան