կարևոր
3649 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 17:36
Քաղաքական

Արցախից տեղահանվածները, ովքեր ամեն ինչ կորցրել են չեն կարողանում վարկ վերցնել, որովհետև սև ցուցակում են․ Թադևոս Ավետիսյան

Մարզային այցելություններից և քաղաքացիներից ստացած դիմումների ընդհանուր քննարկման շրջանակներում երկու կարևոր խնդիր եմ վերհանել և այդ խնդիրների պատկան մարմինները պարտավոր են պատշաճ կերպով լուծում տալ։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Առաջինը դա Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովման պետական աջակցության ծրագիրն է։ Այդ ծրագիրը հաստատվել է 2022-ի փետրվարին, շուրջ  3230 շահառու ընտանքիների համար, բայց պետք է ցավով արձանագրենք, որ այդ շահառուներից ամենախոցելի սոցիալական վիճակում գտնվողները այսօր այդ ծրագրից տեխնիկական պատճառով, թե ծրագրի անկատարության պատճառով չեն կարողանում օգտվել։ Այդ քաղաքացիները, որոնք տեղահանվել են իրենց բնակավայրից, կորցրել են ամեն ինչ, բնական է, որ եթե ունեին վարկային պարտականություններ չեն կարողացել կատարել՝ ընկնելով վարկային սև ցուցակում, հիմա էլ բանկերը այդ մարդկանց վարկ չեն տալիս, որ այդ մարդիկ բնակարանի հարց լուծեն։ Այս շահառուների մեջ, ովքեր ունեն վարկային պարտավորվածություններ և ֆինանսական խնդիրներ, հենց առաջնային իրենք պետք է դառնային շահառու, չեն կարողանում օգտվել այս ծրագրից։ Ես առիրթ ունեցել եմ աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատուների հետ քննարկել խնդիրը, անցել է տևական ժամանակ, բայց տեղից խնդիրը չի շարժվում և այդ մարդիկ նորից կանգնած են այդ խնդրի առջև։ Այդտեղ կան բազմաթիվ լուծումներ։ Այդ մարդիկ հարցադրում են անում՝ տուն ենք կորցրել, տուն տվեք, կամ օգնեք մեզ տուն ձեռք բերել, սա շատ պարզ և օբյեկտիվ հարցադրում է։

Երկրորդ հարցը վերաբերում է Բարձրաշեն գյուղի դպրոցին, որը գտնվում է շատ վատ վիճակում, փլուզման եզրին, բնակչությունը այդ խնդիրը բազմաթիվ անգամ բարձրացրել է, և ըստ իրենց տեղեկատվության, պատասխանատուները գալիս են, խոստումներ են տալիս, գնում են, բայց դպրոցը ամեն հաջորդ օր  ավելի վտանգավոր է դառնում աշակերտների համար»,- ասաց նա։