կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 10:11
Հասարակություն

Դայակներին վճարվող գումարի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել միայն 200 ծնող. «ՀԺ»

Դայակներին վճարվող գումարի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել միայն 200 ծնող. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար վճարվող 18 հազար դրամ նպաստը որեւէ կերպ կապված չէ ծնողներին առաջարկվող աջակցության ծրագրի հետ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով տարածված թյուր կարծիքին, պարզաբանեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը:

Խոսքն այն ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրագործել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո եւ որը ենթադրում է ծնողին ֆինանսական աջակցություն տրամադրել այն դեպքում, եթե նա ցանկանում է աշխատանքի վերադառնալ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը եւ անհրաժեշտություն ունի դայակ վարձելու կամ երեխային վճարովի մանապարտեզ ուղարկելու: Ֆինանսական աջակցությունը կլինի մինչեւ 55 հազար դրամի չափով:

«18 հազարական դրամները, որ նախատեսված է երեխայի խնամքի համար, վճարվում է ցանկացած պարագայում եւ այնքան ժամանակ, քանի դեռ մայրը կամ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ծրագիրն այդ 18 հազարական դրամների հետ բացարձակ կապ չունի»,- ասաց Ռուզաննա Պեպանյանը:  

Այդ գումարը դադարեցվում է վճարել ծնողին, եթե նա երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի է վերադառնում սահմանված ժամկետում կամ դրանից առաջ եւ շարունակում եկամուտ ունենալ՝ անկախ այն բանից՝ կստանա՞ դայակին վճարվող գումարի փոխհատուցում, թե չէ:

Ռուզաննա Պեպանյանի տեղեկացմամբ, աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կարող են ստանալ ոչ բոլոր ծնողները: Դրա համար, ըստ նրա, հաշվի է առնվելու անձի սոցիալական կարգավիճակը: Մանրամասն չափանիշներն ու ծրագրի իրագործման մեխանիզմները կսահմանվեն օրենքի փոփոխությունների ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ:

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում երկրորդ ընթերցում անցնելուց հետո ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այդ տարվա բյուջեով նախատեսված է, որ ծնողներին տրամադրվող աջակցության ծրագրից կարող է օգտվել 200 անձ:

«Նախնական փուլում նախատեսված է, որ ծրագիրը կիրականացվի շուրջ 200 անձի համար: Այսինքն՝ շուրջ 200 անձ հնարավորություն կունենա այդ ծրագրում ընդգրկվելու: Իսկ արդեն ծրագրի գնահատման արդյունքում առավել հստակ կորոշվի, թե հետագայում քանի հոգու համար եւ ինչ շրջանակներում այն կիրականացվի»,- ասաց բաժնի պետը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: