Փոխարժեքներ
04 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է զգալիորեն կրճատել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և ԱՄՆ այլ հետախուզական գործակալությունների աշխատակազմը՝ մի քանի տարվա ընթացքում հազարավոր աշխատակիցների կրճատելու նպատակով, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
ԿՀՎ-ում և այլ հետախուզական ծառայություններում ծախսերի կրճատման հարցում ԱՄՆ վարչակազմի մոտեցումը ենթադրում է ավելի հաշվարկված ջանքեր, քան նրա ռազմավարությունն այլ դաշնային գերատեսչություններում, ընդ որում, որոշ գործակալություններ, ինչպիսին է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ըստ էության, լուծարվել են։
Ըստ աղբյուրների, օրենսդիրներին հայտնել են, որ աշխատակազմի կրճատումը կհանգեցնի ԿՀՎ-ի մոտավորապես 1000-ից 1200 աշխատակցի աշխատանքից ազատման։
Գործակալությունը չի բացահայտում իր անձնակազմի թիվը, սակայն 2013 թվականի փաստաթղթերի արտահոսքը ցույց է տվել, որ գործակալությունում աշխատում է ավելի քան 21,000 աշխատակից։
Միևնույն ժամանակ, ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել գործակալության անձնակազմի պլանավորվող կրճատումների մանրամասները։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպես կազդեն կրճատումները տարբեր դեպարտամենտների վրա։
ԿՀՎ ներկայացուցիչը հայտնել է, որ գործակալության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը «արագ քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու համար, որ ԿՀՎ աշխատակիցները համապատասխանեն վարչակազմի՝ ազգային անվտանգության ոլորտում առաջնահերթություններին»։
«Այս քայլերը համապարփակ ռազմավարության մաս են, որն ուղղված է Գործակալությանը նոր շունչ հաղորդելուն, նոր առաջնորդների հայտնվելու համար հնարավորություններ ընձեռելուն և ԿՀՎ-ի դիրքերն իր առաքելության կատարման գործում բարելավելուն», - հավելել է գերատեսչության մամուլի քարտուղարը։
Իրազեկ աղբյուրներից մեկի և հետախուզության նախկին աշխատակցիվկայությամբ, այլ հետախուզական գործակալությունները, որոնք, ի տարբերություն ԿՀՎ-ի, ֆինանսավորվում են Պաշտպանության նախարարության բյուջեից, նախատեսում են իրականացնել անձնակազմի կրճատումներ՝ Պենտագոնի՝ քաղաքացիական աշխատուժը մինչև 8% կրճատելու նպատակին համապատասխան։
ԿՀՎ-ում և այլ հետախուզական ծառայություններում կրճատումները կիրականացվեն նոր աշխատողների ընդունելության կրճատման, վաղաժամկետ թոշակի անցնելու և այսպես կոչված «միանվագ փոխհատուցմամբ հրաժարման» տարբերակների համադրման միջոցով՝ նրանց համար, ովքեր պատրաստ կլինեն այս տարվա վերջին ընդունել հրաժարականի միանվագ առաջարկը։