կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 14:38
Քաղաքական

ՊՆ-ն զգալիորեն կրճատել է պարգեւատրվողների թիվը

ՊՆ-ն զգալիորեն կրճատել է պարգեւատրվողների թիվը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության» վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին լսումների ժամանակ հետաքրքրվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե որքանո՞վ է ճիշտ բիզնեսը կապել ծառայության հետ: «Աշխատուժի պակաս կլինի, ամբողջ զորքը պիտի զբաղվի սպայական կազմի բիզնեսով: Չեմ կարծում, որ ճիշտ է սա»,- ասաց նա:

Պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց պահեստազորի խնդրին: «Մեծ ուշադրություն պետք է դարձվի պահեստազորին, զինվորը կամ պահեստազորը պետք է առաջին հրահանգի դեպքում իմանա, թե որ զորամաս պետք է գնա, որ նույնը չլինի, ինչ ապրիլին, այսինքն՝ անցկացվեն վարժություններ պահեստազորի հետ, կցվեն տարբեր զորամասերի, որ, կներեք, «վսլուչի տրիվոգի» իմանան՝ ուր գնան»:

Պատգամավորին հետաքրքրում էին նաև պետական պարգևատրումները, որոնք, ըստ նրա, ճիշտ ձևով չեն կատարվում, նաև բարձրացրեց բանակում մասնագետների պակասի խնդիրը և առաջարկեց դրսից մասնագետներ բերել:

Նախարարն ասաց, որ ձևավորել են միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ զբաղվում է պարգևատրումներով: Սարգսյանն ընդգծեց, որ բավականին խստացրել են մոտեցումները:

«Առաջ ավանդույթ էր դարձել, որ 3 տարին մեկ գերատեսչությունը պարտավոր էր պարգևատրել: Մենք պարգևը կապում ենք կոնկրետ ժամանակահատվածում կատարված գործունեության հետ: Եվ ժամանակի բերումով պարգևներ այլևս չեն լինելու: Սեպտեմբերին նախագահին ներկայացված պարգևատրվողների ցուցակը փոքր էր բոլոր տարիներից, և այնտեղ ընդգրկված էին կոնկրետ իրադարձության, ծառայության մեջ կոնկրետ որակների համար պարգևատրվողները»,- ասաց նախարարը:

Բիզնեսի հետ կապված հարցին անդրադառնալով` նա ասաց, որ հնարավոր է` պատգամավորը մինչև վերջ չի նայել օրենքը, ապա բացատրեց. «Խոսքը չի վերաբերում սպայական անձնակազմի՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը խթանելուն, խոսքը վերաբերում է ժամկետային ծառայություն անցնող այն անձանց, ովքեր նախընտրում են առաջնագծում ծառայությունը և արդյունքում ստանում են պարգևավճար ծառայության ավարտին ու այդ վճարն օգտագործելը տարբեր ուղղություններով իրենք զորացրվելուց հետո կարող են ընտրել»:

Պահեստազորի վերաբերյալ ևս, ըստ նախարարի, փոփոխություններ են արվելու: «Այստեղ հիմնական փոփոխությունը, որ արվելու է, այն է, որ ներմուծվում է նպատակային պահեստազորային ծառայության այն տեսակետը, երբ նա արմագրվում է կոնկրետ հաստիքի և խաղաղ ժամանակ պատրաստվում է պատերազմական վիճակում այդ հաստիքը լրացնել: Դա նախատեսում է պարբերաբար վարժանքներ: Բանակը դա անելու է թիրախային՝ ելնելով իր կարիքներից, այն մասնագիտությունների, որոնց կարիքը մենք հատկապես զգում ենք: Գիտեք, որ մեր սպառազինության տեսակներն էլ են գնալով փոխվում, շատ ավելի մասնագիտական հմտություններ պահանջող սպառազինություններ են դրվում մարտական հերթապահության: Դա շատ ադեկվատ պատասխան է այդ խնդրին»,- հայտարարեց Սարգսյանը:

Արտերկրից մասնագետների ներգրավման վերաբերյալ նա ասաց, որ այս պահին նման խնդիր չկա: Նախարարը նշեց, որ գուցե որոշ զինատեսակներ փորձարկելիս կարող է առաջանալ կարճաժամկետ խնդիր, այդ ժամանակ մասնագետները հրավիրվում են, կատարում իրենց աշխատանքն ու հեռանում: